Հայ-Էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպության և Էկվադորի արտաքին առևտրի նախարարության ու ProEcuador կազմակերպության միջև ընթացող բանակցությունները մոտեցել են ավարտին: Ըստ այդ բանակցությունների՝ կողմերը նախատեսում են Հայաստանի միջոցով էկվադորական ապրանքը հասցնել ԵԱՏՄ:
Արդեն երկու տարի տևող բանակցություններին մասնակցել է Էկվադորի արտաքին առևտրի նախարար Խուան Կառլոս Կասինիելյին, ով բազմիցս նշել է, որ էկվադորական կողմի համար կարևոր է Հայաստանի դիրքը. բոլոր պոտենցիալ շուկաները մոտ են և արտոնյալ պայմաններով:
Բանակցությունների ընթացքում հաշվարկվել են այն հեռանկարները, որ կարող են բացվել Էկվադորի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հետևանքով: Մասնավորապես, հաշվարկվել է, որ անմիջապես Էկվադորից, առանց միջնորդի գնվելիք ապրանքը մրցունակ գին կունենա ԵԱՏՄ-ում, ինչը հնարավորություն կընձեռի՝ շրջանառության ծավալն արագ աճի:
Հայաստանի տնտեսության համար այս համագործակցությունը ուղղակի արդյունք պետք է ունենա. գնման և արտահանման հետևանքով առաջացած բոլոր հարկային պարտավորությունները մարվելու են Հայաստանում:
Քննարկվում է ներմուծումը սկսել էկվադորական չորս հիմնական ապրանքով՝ բանան, կակաո, ծովամթերք և ծաղիկ: Մեր տարածաշրջանի բոլոր երկրները և հատկապես Թուրքիան ձգտել են նման արտոնյալ վիճակում հայտնվել, բայց չեն կարողացել:
Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017-ին Երևանում կանցկացվի ԵԱՏՄ պետությունների համար նախատեսված ցուցահանդես-էքսպոն, որտեղ կներկայացվեն Էկվադորի հիմնական ապրանքատեսակները: