Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բավականին հաջող, իսկ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբեր ամսին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, հայտնում է Tert.am-ը:
«Վերջին շրջանում համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջող կերպով և հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին: Առհասարակ, այն փաստը, որ կնքվելու է նման համաձայնագիր, արդեն հաջողություն է: ՀՀ կառավարությունը ազդակ է հղում Եվրամիությանը, որ Հայաստանը ցանկանում է գնալ արդիականացման և բարեփոխումների ճանապարհով, և այդ ճանապարհին Եվրամիությունը կարևոր գործընկեր է: Ես համոզված եմ, որ Եվրամիությունն ու իր անդամ պետությունները շահագրգիռ են նոր ազդակներ հաղորդելու այս համագործակցությանն ու կնքվելիք համաձայնագրին»,- ասել է դեսպանը:
Հարցին, թե համաձայնագրի շուրջ բանակցություններն ի՞նչ փուլում են, Մաթիաս Քիսլերը պատասխանել է. «Բանակցությունների ամառային փուլից հետո զգալի առաջընթաց է գրանցվել։ Թե երբ կստորագրվի համաձայնագիրը, ոչինչ ասել չեմ կարող, սակայն ՀՀ կառավարության կողմից ազդակ կա, որ այն կստորագրվի հաջորդ տարվա գարնանը»:
Գերմանիայի դեսպանն առանձնացրել է վիզայի դյուրացման գործընթացը շրջանակային համաձայնագրից: Դեսպանի խոսքով՝ ինքը կիսում է ՀՀ քաղաքացիների մեծ ցանկությունը դյուրացված կարգով դեպի Եվրոպա մուտք ունենալու համար, սակայն դեռևս պարզ չէ, թե երբ կմեկնարկի ՀՀ-ի և Եվրամիության միջև վիզաների դյուրացման ընթացակարգի վերաբերյալ քննարկումը: