«Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ, այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի։ Կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ։ Հետևաբար բնական է լինել այստեղ և պայքարել Արցախի բնակչության հետ միասին»,- ասում էր Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանը:
Այսօր ՀՀ ազգային հերոս Մոնթե Չարլզի Մելքոնյանը (Ավոն) կդառնար 60 տարեկան:
Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957թ-ի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։
Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին։ Մարտում նրա խիզախությունները շատ արագ նկատելի են դառնում և 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարվում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։
Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի ազատագրումն էր, ուր մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։ Մոնթեն համոզված էր, որ մարտում պետք էր գնալ խելահեղ քայլի և այն, որը խելամիտ մարդը չէր անի, նա անում էր։
1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո, Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում էր հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային։
Մեքենայից իջնելով և դիրքավորվելով՝ Մոնթեն կրակահերթ է բացում, սակայն առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է։
Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Հայաստանում և Արցախում նրա անունով կան դպրոցներ, զորամասեր։ Այս տարի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ`հրամանատարի արձանի բացման արարողությունը: Ամբողջությամբ նորակառույց վարժարանը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին:
Վերջում մնում է ուղղակի հիշել հերոսի խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»: