ՀՀ ինտեգրացիոն գործընթացների զարգացումները, եվրոպական և եվրասիական ուղղությունները չհակադրելու քաղաքականությունն ու ՀՀ շահերն այդ համատեքստում քննարկվել են «Երիտասարդության հարթակ» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպման ընթացքում:
Նոյեմբերի 25-ին «ՀՀ ինտեգրացիոն գործընթացները (եվրաինտեգրում և եվրասիական ինտեգրում) չհակադրելու սկզբունքը, մեր ակնկալիքները երկու գործընթացներից» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ եվրաինտեգրման գործընթացին, զարգացման դինամիկային և յուրահատկություններին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլին: Քննարկվել են ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, ՀՀ հնարավոր քայլերը միության ներքո, կառույցի առկա խնդիրներն ու անելիքները:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց առաջարկները՝ ուղղված ԵԱՏՄ ներքո ՀՀ դիրքերի ամրապնդմանը, ինչպես նաև եվրաինտեգրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար ՔՀԿ հնարավոր նախաձեռնություններին:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: