Թուրքիայում Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների հիշատակին կանգեցված հուշարձանը նվիրված է ASALA-ին (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) «ահաբեկիչներին»: Այս մասին գրել է թուրքական «Sozcu» թերթի հոդվածագիր Սայգը Օզթուրքը, փոխանցում է Ermenihaber-ը:
Նա Մոնթեին ներկայացնում է որպես ASALA-ի առաջնորդներից մեկը, որը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ գլխավորելով աշխարհազորային ուժեր:
Հոդվածագիրը նաև ներկայացրել է հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նպատակով հիմնած «Թալեաթ փաշա» կոմիտեի նախագահ Ալի Էրդինչի արձագանքը տվյալ փաստին: Վերջինս տարակուսանք է հայտնել, որ Թուրքիան, որն անգամ Հայաստանում ASALA-ի մարտիկների հուշարձանների առկայության դեմ է բողոքում, հենց Թուրքիայում նրանց հիշատակին հուշարձանի բացմանը հետևում է լուռ դիտորդի պես:
Էրդինչը, նշելով, որ Թուրքիան ներսից թուլացնում են, դրանում մեղադրել է հայկական սփյուռքին.
«Հայկական սփյուռքը ոչ միայն արտերկրում, այլև հատկապես վերջին շրջանում մեր երկրում, անջատողական շրջանակների և խմբերի հետ միասին գաղտնի կերպով մի շարք չարամիտ գործողություններ են նախապատրաստում»:
Նա միաժամանակ նշել է, որ «իրենք հայ ժողովրդի և հատկապես Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիների հետ որևէ խնդիր չունեն, իսկ վերջիններիս համարում են եղբայրներ»: