Նոյեմբերի երկրորդ կեսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ՝ «ինչո՞ւ չպետք է Թուրքիան լինի Շանհայյան հնգյակում»: Թուրքիայի նախագահը նման մտադրության մասին ասել է՝ շեշտելով, որ 53 տարի է Թուրքիան սպասում է ԵՄ անդամակցությանը: Ստացվում է, որ Թուրքիայի նախագահը յուրօրինակ սպառնալիք-վերջնագիր է ներկայացնում Եվրամիությանը: Այսօր՝ Էրդողանի այդ հայտարարությունից մոտ մեկ տասնօրյակ անց եվրոպական տարբեր մարմինների ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններից պարզ է դարձել, որ Թուրքիայի՝ իր ինքնագնահատականը բարձրացնող յուրօրինակ սպառնալիքն այդքան էլ «չաշխատեց», քանի որ հնչեցին կարծիքներ, որ Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրումը նպատակահարմար չէ (անգամ, եթե վերջինս գնա դեպի Շանհայ հինգ, հեղ.): Ավելին, Էրդողանի սպառնալիքի ոգով արված հայտարարությունն այսօր իր իսկ երկրին կանգնեցրել է շատ հետաքրքիր մի փակուղու առաջ, որին կանդրադառնանք ստորև: Իսկ մինչ այդ, փորձենք հակիրճ համեմատել ԵՄ-ն և Շանհայյան համագործակցության կազմակերպությունը:
Կազմակերպությունը |
Հիմնադրումը |
Տա- րածքը |
Բնակ-չությունը |
Տնտեսությունը |
Շանհայյան համագործակցության կազմակերպություն |
1996թ.՝ Շանհայ հինգ, 2001թ՝ Շանհայյան համագործակցության կազմակերպություն |
34,3 մլն կմ2 |
3 մլրդ 40 մլն մարդ (2015թ. դրությամբ)
|
ՇՀԿ անդամ Չինաստանի տնտեսությունն աշխարհում առաջինն է անվանական ՀՆԱ-ով |
Եվրամիություն |
1958թ. |
4.324.782 կմ2 |
510 միլիոն |
16.220 տրիլիոն դոլար(2-րդը աշխարհում, 2015թ. դրությամբ) |
Նպատակները
Եվրամիություն
Եվրոպական միությունը սկզբնավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ որպես պատերազմից տուժած տնտեսությունների համար վերականգնման ու զարգացման մոդել: Միության հիմնադրման տարեթիվը համարվում է 1958թ.-ը՝ Հռոմի պայմանագրով: ԵՄ ձգտում է ապահովել մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ, ընդունել և ապահովել ընդհանուր քաղաքականություն առևտրի, գյուղատնտեսության, ձկնորսության և տարածաշրջանային զարգացման վերաբերյալ: Ի սկզբանե հիմնադրվելվ՝ որպես տնտեսական միության, այն հետզհետե վերացվեց քաղաքականի, որն իր մեջ ներառում է նաև անդամ երկրների միասնական քաղաքականություն շրջակա միջավայրի, առողջապահության, արտաքի հարաբերությունների ու անվտանգության, արդարադատության և միգրացիայի հետ կապված հարցերում:
Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ)
Կազմակերպությունն, ըստ էության, ունի պաշտպանական ֆունկցիա: Խոսքը վերաբերում է մասնավորապես անդամ երկրների միջև կայունության ու անվտանգության ամրապնդմանը, նրանց կողմից ահաբեկչության, նարկոբիզնեսի, սեպարատիզմի ու էքստրեմիզմի դեմ համատեղ պայքարի իրականացմանը, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, մշակութային համագործակցությանն անդամների միջև:
Առաջին ակնհայտ տարբերությունը, որ կա երկու միավորների միջև ՝ համագործակցության տեսակներն են. ԵՄ-ում այն տնտեսական ուղղվածության է, ՇՀԿ-ում՝ անվտանգության:
Մյուս կողմից, եթե քննարկենք, թե ո՞ր կազմակերպությունը կարող է լինել ցանկալի որևէ երրորդ կողմի համար, ապա միանշանակ պատասխանն այստեղ ճիշտ չի լինի, որովհետև ԵՄ և ՇՀԿ արժեքային համակարգերի միջև կա հսկայական տարբերություն: Մի կողմում եվրոպական արժեհամակարգն է՝ հիմնված ազատ տնտեսական հարաբերությունների, հավասար տնտեսաիրավական դաշտի գործիքների տրամադրման վրա, մյուս կողմում եվրասիական համակարգն է՝ փոխադարձ անվտանգության երաշխիքների հիման վրա տարածաշրջանային կայունության ապահովմամբ:
Այս իմաստով, ասել, որ ՇՀԿ ինչպես Թուրքիայի, այնպես էլ աշխարհի որևիցէ այլ պետության համար կարող է հանդես գալ ԵՄ այլընտրանք, այնքան էլ ճիշտ չի լինի:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից սպառնալիքի ոճով արված բարձրագոչ հայտարարությանը, ապա պետք է նշել, որ դրան անմիջապես հաջորդեց ՇՀԿ համահիմնադիր գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովի մեկնաբանությունն, ով ողջունելով Էրդողանի «ճիշտ» կողմնորոշումը դեպի ՇՀԿ, չմոռացավ հիշեցնել մի շատ կարևոր նյուանսի՝ ՆԱՏՕ-ի մասին: «Այսպիսի խնդիր կա. ՆԱՏՕ-ի նման ագրեսիվ ռազմական դաշինքի անդամի համար ՇՀԿ անդամակցություն նախատեսված չէ: Համենայնդեպս, այս պահին դա այդպես է: ՆԱՏՕ-ն, մասնավորապես, ոչնչացրել է անկախության համար պայքարող որոշ պետությունների: Հետևաբար, այս գործընթացը՝ Թուրքիայի հավանական անդամակցությունը ՇՀԿ-ին, պետք է երկկողմանի լինի: Մի կողմից Թուրքիան պետք է զբաղվի անդամակցության գործընթացով, մյուս կողմից սկսի ՆԱՏՕ-ից հեռանալու գործընթացը»,- նշել է Իվաշովը:
Ստացվում է, որ Էրդողանն իր՝ ԵՄ-ին ուղղված սպառնալիքին ի պատասխան, ստացավ ՇՀԿ-ից հնչող նախապայման, որով ամրագրվում է, որ ՇՀԿ-ի դռները բաց կլինեն Թուրքիայի համար միմիայն ՆԱՏՕ-ից հեռանալու նախապայմանով:
Դե ինչ, հետաքրքիր արտաքին քաղաքական կուրս է ընտրել Էրդողանը: Այն, որ ԵՄ դեռ պատրաստ չէ Թուրքիային հյուրընկալել, դա հստակ է, հասկանալի է նաև, որ Թուրքիային էլ ձեռք չի տա հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից: Ուստի, կա՛մ Էրդողանը պետք է հաշտվի ևս միառժամանակ սպասել ԵՄ մուտքի մոտ, կա՛մ էլ ԵՄ-ի վախեցնելու համար այլ ուղղություն փնտրի: