Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ-երկրներ թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումն ավելացել է: Դրա մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազայում տեղ գտած թվերը:
Մասնավորապես, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվել է 7 մլն 838 հազար 596 լիտր թունդ ալկոհոլային խմիչք` 89 մլն 883 հազար 385 դոլար մաքսային արժեքով։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալներն աճել են բնեղեն արտահայտությամբ 64.1 %-ով, իսկ արժեքային արտահայտությամբ` 58.5 %-ով։ Նշվածի մեծ մասը` 7 մլն 554 հազար 682 լիտրը, արտահանվել է Ռուսաստան։ 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ` Հայաստանից Ռուսաստան թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումն աճել է բնեղեն արտահայտությամբ` 64.3 %-ով, իսկ արժեքային արտահայտությամբ` 60.45%-ով ։
Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է բնեղեն արտահայտությամբ` 44.4 %-ով, արժեքային արտահայտությամբ` 19.9 %-ով (արտահանման ծավալները` 223 հազար 965 լիտր, 3մլն 698 հազար 696 ԱՄՆ դոլար)։ Հայաստանից Ղազախստան 2016-ի առաջին ինն ամիսներին արտահանվել է 55 հազար 819 լիտր թունդ ալկոհոլային խմիչք` 1մլն 87 հազար 205 դոլար մաքսային արժեքով։ Բնեղեն արտահայտությամբ արտահանման ծավալն աճել է 2.6 անգամ, արժեքով` 72.8 %-ով ։ Հայաստանից Ղրղըզստան նույն ժամանակահատվածում արտահանվել է 4 հազար 130 բացարձակ լիտր թունդ ալկոհոլային խմիչք` 47 հազար 970 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։