Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չկա. ԱՆ

12:51     2 դեկտեմբերի, 2016

Հայաստանում իրականացված ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն` սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել:

Կանխարգելիչ ֆիլտրման արդյունքում նվազման միտում է նկատվում սուր շնչառական վարակներով երեխաների հայտնաբերման գործընթացում, նվազել են նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նվազել է նաև թոքաբորբերով հոսպիտալացումների թիվը և այսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր հիվանդներ, պայմանավորված հետգրիպային բարդություններով, չեն հոսպիտալացվել:

Նոյեմբերից սկսած հանրապետությունում իրականացվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալներով մեր երկրում հիմնականում շրջանառում է գրիպի Ա H3 ենթատեսակը:

Ա տեսակի H3 ենթատեսակը շրջանառում է նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և այլն:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համապատասխան,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային:

 

 

 


© armedia.am