Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել 2017թ. գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին:
Իր խոսքում գործող նախագահն ընդգծել է, որ արել է հնարավոր ամեն բան 2012թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումները կյանքի կոչելու համար:
Դրանց թվում են, նրա կարծիքով, ֆրանսիական սոցիալական մոդելի կատարելագործումը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում Ֆրանսիայի առաջատար դերը, դպրոցական կրթության բարելավումը, ժողովրդավարական ազատությունների ամրապնդումը, գենդերային հավասարությունների ամրապնդումը, խտրականության դեմ պայքարը:
Սակայն, միևնույն ժամանակ, ֆրանսիայի ղեկավարը խոստովանել է, որ աշխատանքում թույլ է տվել նաև սխալներ: Ուստի նա լիովին գիտակցում է, թե Սոցիալիստական կուսակցության կողմից իր թեկնածության առաջադրումն ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների վրա: Նա պարզաբանել է, որ հստակ պատկերացնում է իրավիճակը, այս որոշումը կայացրել է ամենայն պատասխանատվությամբ և ընդգծել է, որ խոսքը «ոչ թե անձի, այլ երկրի ապագայի մասին է»:
«Ես արդեն այսօր հասկանում են վտանգը՝ կապված ոչ բավարար աջակցության հնարավորության հետ, դրա համար որոշել եմ, որ չեմ առաջադրի իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին»,- ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է Ֆ. Օլանդը, - «Աշխարհը, Եվրոպան, Ֆրանսիան իմ ղեկավարման ընթացքում լուրջ մարտահրավերների են առերեսվել: Այս դժվարին պայմաններում ցանկանում էի պահպանել ազգային միասնությունը»:
Ուշագրավ է, որ Ֆրանսիայի պատմության մեջ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի գործող նախագահը հրաժարվում է վերընտրվելու փորձից։ Սակայն Օլանդի վարկանիշը մեծ անկում է ապրել՝ վերջին ամիսներին հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշների:
RBK-ի վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի 85 տոկոսը սարսափելի դժգոհ է Օլանդի վարած քաղաքականությունից, և ընդամենը ֆրանսիացիների 5-7 տոկոսն է հավանություն տալիս նրա գործունեությանը:
Հիշեցնենք, որ Օլանդի վարկանիշի կտրուկ անկում նկատվեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին, երբ տեղի ունեցավ հայտնի փարիզյան ահաբեկչությունը, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ մահացան: Իսկ այս տարվա հուլիսին տեղի ունեցած Նիցցայի ողբերգությունն արդեն չնչին շանսեր տվեց Օլանդին հետագա պայքարի համար:
Elabe-ն հրապարակել էր վերջին հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ ո՛չ Օլանդը, ո՛չ նրա կառավարության ղեկավար Մանուել Վալսը նույնիսկ երկրորդ փուլ չէին անցնի: Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու սոցիալիստների կողմից ներկայացված թեկնածուն, սակայն ըստ փորձագետների, նրա հաղթանակը գրեթե անհավանական է:
Ըստ կանխատեսումների՝ կհաղթի «Հանրապետականների» թեկնածու, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը՝ 30% արդյունքով, իսկ երկրորդ տեղում ամենայն հավանականությամբ կլինի «Ազգային ճակատի» առաջնորդ, ծայրահեղական Մարին Լը Պենը, ինչը կնշանակի ընտրությունների երկրորդ փուլ: