Ադրբեջանի օդային իշխանությունները թույլ չեն տվել ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավին, որն ուղևորվում էր ՀՀ «Էրեբունի» ռազմակայան, անցնել իր օդային տարածքով: Ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Սոչի:
Ինչպես կարելի է դատել հրամանատարական կետի և օդաչուի միջև խոսակցություններից, որոնք հրապարակել է բլոգեր GalandecZP-ն, ինքնաթիռը Հայաստանով իբրև թե Սիրիա էր ուղևորվում, գրում է NEWsru.com-ը:
«Երևան հասնել չեք կարող: Ադրբեջանը չի թույլատրում: Թռիչքն արգելված է»,-ասել է կարգավարը: Հետո ինքնաթիռի անձնակազմը հրաման է ստացել վերադառնալ Սոչիի օդանավակայան:
Սոչի վերադառնալու հրահանգն Իլ-76-ը ստացել է Ռոստովի օդային տարածքում: Նշվում է, որ այժմ օդանավը վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ԶԼՄ-ների այս հաղորդումները: Ինչպես Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությանը հայտնել է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը, ՊՆ տեղյակ է, սակայն որևէ կերպ չի մեկնաբանում ռուսական ինքնաթիռի շուրջ ստեղծված իրավիճակին: ՌԴ ՊՆ–ում NEWS.am–ի աղբյուրն իր հերթին նշել է. «Նման տեղեկություն չկա։ Ավելին՝ «սիրիական» ուղղությունը չի ներառում Հայաստանը։ «Էրեբունի» ավիաբազա են ժամանում ավիաբազայի կենսունակության և 102–րդ ռազմաբազայի հետ անմիջական կապ ունեցող օդանավերը»։
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին ռուսական «Ան-124» ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանից թռիչքը սկսվելուց կարճ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանը թույլ չի տվել, որ ինքնաթիռը մտնի իր օդային տարածք: Այս տեղեկությունը հաղորդել է «Mil_avia» բլոգը: Տեղեկատվությանը կցված է նաև ձայնագրություն, որտեղ լսվում է օդաչուի և Գյումրիի օդանավակայանի աշխատակցի խոսակցությունը: Օդաչուն հաղորդում է, որ ստիպված է վերադառնալ օդանավակայան, քանի որ Ադրբեջանն արգելել է մտնել իր տարածք:
Այն ժամանակ ևս պաշտոնական Բաքուն, Մոսկվա և Երևանը որևէ մեկնաբանություն չտվեցին ԶԼՄ-ների հաղորդումների կապակցությամբ: Սակայն հարկ է նշել, որ այդ տեղեկության իսկությունը բավականին կասկածելի էր փորձագետների համար, քանի որ Գյումրու օդանավակայանը նման ինքնաթիռ ընդունելու տեխնիկական հնարավորություններ չունի, իսկ «էրեբունի» օդանավակայանում նման ինքնաթիռ վաղուց չէր երևացել:
Այս տարվա միջադեպի իսկության մասին դեռևս վաղ է խոսել, սակայն նման միջադեպի կրկնությունը թեկուզ և զուտ լրատվական դաշտում խոսում է այն մասին, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններն այդքան էլ հարթ չեն, ինչքան կողմերը փորձում են ներկայացնել… Եվ կամ էլ հերթական անգամ դիմելով կեղծ տեղեկատվություն տարածելու հնարքին՝ Բաքուն փորձում է իր կեղծ «համարձակ» քաղաքականությունը ցուցադրել Ռուսաստանի նկատմամբ ինչ-ինչ քաղաքական գործոններից և գործընթացներից ելնելով...