Քսանինը տարի առաջ` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակ քաղաքի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ (12 բալանոց սանդղակում): Մասնագետների հաշվարկներով` երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում արտանետված էներգիայի հզորությունը համարժեք էր 1945 թվականին Հիրոսիմայի վրա նետված ռումբի նման տասը ատոմային ռումբերի պայթյունի ուժգնությանը:
Հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային հատվածը: Այն ընդգրկել է Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1 մլն մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան է մնացել 514 հազար մարդ: Երկրաշարժի արդյունքում հիմնավորապես ավերվել էր Սպիտակ քաղաքը, ոչնչացվել էր Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյումրու բնակարանային, սոցիալական և արտադրական ֆոնդի 80 տոկոսը: Ավերածություններ էին տեղի ունեցել նաև հանրապետության երրորդ քաղաքում` Վանաձորում:
Պաշտոնական տվյալներով` զոհվել էր ավելի քան 25 հազար մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ): 19 հազար մարդ դարձել էր հաշմանդամ, 530 000 բնակիչ անօթևան էր մնացել: Փլատակներից հանվել է կենդանի 45000 մարդ, հոսպիտալացվել է 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս՝ հիմնականում ԽՍՀՄ առողջարաններ։
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը: Երկրաշարժը շարքից հանել էր հանրապետության արդյունաբերական պոտենցիալի մոտ 40 տոկոսը. դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Ուղիղ նյութական կորուստների արժեքը գնահատվում է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։
Աղետի հետևանքների հաղթահարման գործում Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Աղետից տուժած Հայաստանի օգնության շտապող երկու ինքնաթիռ՝ հարավսլավական և խորհրդային, կործանվեցին անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով;