Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու հայտից, սակայն Բրյուսելը պետք է գիտակցի, որ չի կարող ապահովել իր անվտանգությունն առանց Անկարայի: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Մենք մտադիր չենք հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հայտից: Եվրամիությունը պետք է շատ լավ մտածի այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է ոչ թե հանուն մեզ, այլ հանուն սեփական ապագայի: Իսկ Եվրամիության անվտանգությունն ու ապագան առանց Թուրքիայի հնարավոր չեն», - ասել է նա:
Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ի բանաձև է ընդունել, որով կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ կասկածվող անձանց դեմ թուրքական ռեժիմի զանգվածային հետապնդումների պատճառով: Այս բանաձևը կտրուկ արձագանքի է արժանացել Անկարայում: