Ժամանակակից պետությունների մեծ մասն ի հայտ է եկել ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման շնորհիվ: Սակայն այսօր այդ սկզբունքի կիրառումը հանդիպում է լուրջ խոչընդոտների, ինչի վառ ապացույցներ են չճանաչված պետությունները:
Նշենք, որ 2016 թվականը ազգերի ինքնորոշման իրավունքը կենսագործելու առումով աչքի չի ընկել, չնայած այս ուղղությամբ զարգացումներ եղել են: Այսպես, շարունակվել են քայլեր ձեռնարկվել Իսպանիայից Կատալոնիայի անկախանալու ուղղությամբ: 2016-ին Կատալոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Իսպանիայից ինքնավարության անկախանալու հարցով հանրաքվեի անցկացմանը: Նախատեսվում է, որ այն տեղի կունենա 2017 թվականին:
Նշենք, որ Կատալոնիան 2014 թվականին արդեն այս հարցով հանրաքվե է անցկացրել՝ չնայած իսպանական խորհրդարանի անհամաձայնությանը: Ոչ պաշտոնական հանրաքվեի մասնակիցների 80 տոկոսը կողմ է քվեարկել Մադրիդից անկախանալուն, սակայն վերջինս այդ արդյունքներն անօրինական է հայտարարել: Մադրիդը չի աջակցում նաև Բարսելոնայի այս նախաձեռնությունը և սպառնում է Կատալոնիայի անկախության ուղղությամբ ձեռնարկվող քայլերում զարգացման դեպքում վերջինիս զրկել ինքնավարությունից:
Եվրամիության կազմից Միացյալ թագավորության դուրս գալու հարցով հանրաքվե անցկացումից հետո Բրիտանիայում ևս ակտիվացան ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ քննարկումները: Այսպես, Հյուսիսային Իռլանդիայի խոշորագույն ազգայնական կուսակցության՝ «Շին Ֆեյնի» առաջնորդը հայտարարել է, որ ԵՄ կազմից Միացյալ թագավորության դուրս գալու դեպքում Հյուսիսային Իռլանդիան կարող է Իռլանդիայի հետ վերամիավորվելու հարցով հանրաքվե անցկացնել: Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցը Brexit-ից հետո կրկին արդիական դարձավ Շոտլանդիայի քաղաքական օրակարգում: Նշենք, որ 2014 թվականին այս հարցով Շոտլանդիան արդեն հանրաքվե էր անցկացրել, որում բնակչության մեծ մասը կողմ էր քվեարկել Միացյալ թագավորության կազմում մնալուն: Այժմ Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ իրենք կօգտագործեն Եվրամիությունում մնալու բոլոր հնարավորությունները:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո միգրանտների վերաբերյալ վերջինիս կտրուկ հայտարարությունների պատճառով Վաշինգտոնից անկախանալու ցանկության մասին խոսեցին Կալիֆորնիա և Տեխաս նահանգները: Նոյեմբերի 22-ին Yes California շարժման անդամները նահանգի անկախանալու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկ են ներկայացրել Կալիֆորնիայի գլխավոր դատախազի գրասենյակ: Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է համապատասխան հանրաքվե անցկացնել 2019 թվականին: ԱՄՆ-ի կազմից դուրս գալու հարցով խաղաղ հանրաքվեի հույս հայտնել են նաև տեխասցիները: RT-ին տված բացառիկ հարցազրույցում Texas Nationalist Movement-ի առաջնորդ Նատան Սմիթը նշել է, որ Վաշինգտոնից անկախանալու հարցով հանրաքվեն կարող է կայանալ արդեն 2017 թվականին այն բանից հետո, երբ Տեխասի օրենսդիր մարմինը ընդունի համապատասխան օրենք:
Այսպիսով, 2017 թվականի անկախության և ինքնորոշման իրավունքի կիրառման համար պայքարող ազգերի թիվը ավելանալու միտում ունի: