Համբուրգում տեղի ունեցող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը հարթակ ծառայեց այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու ջանքերի համար:
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարծես թե ներկա պահին «հիմնական կռվանն» են դարձել կողմերի միջև: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ խուսափել դրանցից և վստահության միջոցների իրականցման փոխարեն զիջումներ է պահանջում, իսկ հայկական կողմերը ցանկանում են ապրիլյան սցենարի չկրկնման երաշխիքներ ստանալ և տեսնել, որ առնվազն ինչ-որ հարցերում Ադրբեջանը կատարում է պայմանավորվածությունները:
Ինչպես ցույց տվեց Համբուրգում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունը, Ադրբեջանի՝ այս պահանջների կատարումից խուսափելու քաղաքականությունը դեռ չի հաջողում: Հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, անուղղակիորեն Ադրբեջանին կոչ արվեց չխոչընդոտել դեսպան Կասպրշիկի դիտորդական առաքելության ընդլայնմանը և ևս մեկ անգամ շեշտվեց Ադրբեջանի համար այդքան ոչ ցանկալի հետաքննության մեխանիզմների ներդրման կարևորությունը: Ի դեպ, հետաքննության մեխանիզմների պահանջն առկա է նաև նախորդ տարի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
Դրան զուգահեռ, նույն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն աշխատում է Ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման ուղղությամբ:
Այս համատեքստում պետք է նշել, որ Ադրբեջանը փորձում է նվազագույնի հասցնել իր համար ոչ ցանկալի վստահության միջոցների կատարման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ կառուցողական թվալով: Պատահական չէր, որ իր ելույթի ժամանակ Մամեդյարովը հատուկ շեշտեց հենց Սանկտ Պետերբուրգի հանդիպման պայմանավորվածությունների կարևորությունը, որոնցում հետաքննության մեխանիզմները բացակայում էին: Սակայն, ինչպես ցույց տվեցին Համբուրգի զարգացումները, Բաքվին դա դեռևս չի հաջողվում: