ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ունի երեք հիմնական թև՝ քաղաքական, իրավական բլոկը, երկրորդը՝ ոլորտային, և երրորդը՝ առևտուր ու ներդրումներ, որը նախկին խորը և համապարփակ համաձայնագրի վրա էր հիմնված՝ բացառությամբ ազատ առևտրի բաղադրիչը, այսինքն՝ մաքսատուրքերի զրոյացումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
Նա ներկայացրել է ՀՀ-ԵՄ բանակցությունների որոշ մանրամասներ։
«Չենք բանակցում այն պարզ պատճառով, որ լինելով որևէ տնտեսական կամ մաքսային միության անդամ, երկիրն առանձին մաքսատուրքերի վերացում չի բանակցում: Այսինքն՝ ազատ առևտրի բաղադրիչ նախկինում կար, հիմա չկա՝ դա մեկ: Հետո նաև որոշակի բաներ, որ բխում էին ազատ առևտրի տեքստից և լոգիկայից, մենք այդ մասերը, համապատասխանաբար, կամ թեթևացած ենք բանակցում, կամ դուրս են եկել»,-ասաց նա:
Փոխնախարարը միաժամանակ նշեց, որ ծածկույթի տեսանկյունից, նախկինում եղած բոլոր 12 ուղղություններից 10-ը նախատեսված են այս փաթեթում: «Նույնիսկ դրանց ավելացվել են մեկ-երկուսն՝ ավելի ամբողջական ու համապարփակ դարձնելու առումով»,-ասաց նա:
Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց նաև յուրահատկությունը. «Եթե նախորդի դեպքում մենք բանակցում էինք առաջին անգամ, հիմա փորձ ունենք բանակցելու և, միաժամանակ, ԵԱՏՄ հանգամանքը կա ու շատ հարցերով պետք է մանրամասնորեն դիտարկենք ԵԱՏՄ կանոնակարգումների տեսանկյունից, որպեսզի հետագայում իրականացման ժամանակ մակրոտնտեսական շահի տեսանկյունից մենք խնդիր չունենանք»,- ասաց նա:
Թե բանակցությունների ավարտի մոտավոր ժամկետ երբ կնշվի, փոխնախարարը չկարողացավ հայտնել. «Բանակցությունների ավարտի հետ կապված երբեք որևէ կառույց ժամկետ չի նշել»:
Փոխնախարարի խոսքով՝ այս տարվա համար իրենց մասով հինգ բանակցային ռաունդ էին պայմանավորվել, 4-ն արդեն իսկ իրականացվել է, իսկ վերջին ռաունդն իրականացնելու են դեկտեմբերի 13-15-ին՝ Բրյուսելում: