Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծել:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sondakika.com» լրատվական կայքին դեպքից հետո ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է հետաքննության փուլում համատեղ հանձնաժողով ստեղծել: Էրդողանը դրական է արձագանքել Պուտինի առաջարկին: Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ համատեղ հանձնաժողովը կհիմնվի շատ կարճ ժամանակում:
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Հարձակումն իրականցրած անձը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կառլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։ Մարդասպանը բղավոցով վանկարկել է «Ալլահ աքբար, չմոռանաք Հալեպը, չմոռանաք Սիրիան»: Մարդասպանը վնասազերծված է: