Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից առաջ, ըստ էության, բացահայտ սադրանք էր: Այս մասին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի դեսպանի սպանությունն ինչպես կանդրադառնա սիրիական հակամարտության վրա:
«Սա մի կողմից նպատակ էր հետապնդում հարված հասցնել ռուս-թուրքական հաշտեցման գործընթացին, մյուս կողմից էլ՝ Սիրիայում քաղաքական գործընթացի մեկնարկին: Հասկանալի է, որ դրա հետևում կանգնած են այնպիսի ուժեր, որոնք դեմ են Սիրիայում հակամարտության կարգավորմանը», - նշել է փորձագետը՝ հավելելով նաև, որ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը սա կօգտագործի իր գործողությունները Սիրիայում ավելի ակտիվացնելու համար: