Սիրիայում, Իրաքում, Եմենում և մերձավորարևելյան այլ երկրներում շարունակվող ակտիվ գործընթացները 2016 թվականին ևս տարածաշրջանը պահեցին աշխահաքաղաքական զարգացումների կիզակետում: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանը:
«Տարածաշրջանում ծայրահեղականության աճի, սուննիական և շիական ճամբարների մրցակցության, ինչպես նաև արտաքին ակտիվ միջամտության պայմաններում հակամարտության օջախները մարել չի հաջողվում», - ընդգծեց Ա. Հովսեփյանը:
Անդրադառնալով տարածաշրջանում արձանագրված դրական զարգացումներին՝ փորձագետը խոսեց Եգիպտոսի և Լիբանանի մասին: Նրա կարծիքով «որոշակի տնտեսական և քաղաքական կայունացում է նկատվում Եգիպտոսում՝ չնայած առկա խնդիրներին կապված անվտանգության ապահովման հետ»: «2016 թվականը կարևոր տարի էր նաև Լիբանանի համար, որտեղ հիմնական քաղաքական ուժերի միջև համաձայնության արդյունքում հնարավոր դարձավ նախագահի ընտրություն, ինչը հույս է ներշնչում, որ Լիբանանում ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել է հիմնականում շիական և սուննիական ճամբարների մրցակցության, ինչպես նաև սիրիական իրադարձութունների արդյունքում, կհաջողվի մեղմել»,-նշեց փորձագետը:
Նրա հավաստմամբ ուշադրության կենտրոնում, այնուամենայինվ, Սիրիան էր: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի հաջողվում կարգավորել հակամարտությունը՝ Արփինե Հովսեփյանը առանձնացրեց մի քանի պատճառ: «Գլխավոր խնդիրը, թերևս, կայանում է նրանում, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը շատ են, իսկ նրանց շահերն ու դիրքորոշումները խիստ տարբեր են: 2016 թվականին արտաքին ուժերի՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, արևմտյան ուժերի, Ծոցի միապետությունների ներգրավվածությունը ճգնաժամում շարունակել է աճել»:
Արփինե Հովսեփյանի կարծիքով սիրիական հակամարտության խորացման մյուս կարևոր պատճառը կայանում է նրանում, որ Սիրիայում չափազանց շատ շահեր են հատվում. «Մի կողմից, դա սուննի-շիա հակամարտությունն է, որը վերջին տասնամյակների ընթացքում աստիճանաբար ավելի է սրվում՝ ներառելով հակամարտության նորանոր օջախներ: Մյուս կողմից, մենք ականատես ենք լինում առավել գլոբալ առումով առճակատման Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Այս ամենին գումարվում են տեղում էթնիկ և կրոնական ամենատարբեր խմբերի շահերը՝ ավելի խորացնելով հակամարտությունը: Կարևորագույն խնդիր է հանդիսանում նաև ճգնաժամի տրանսֆորմացիան»: