Ամփոփելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016 թվականին առկա փոխհարաբերությունները՝ պետք է նկատել, որ մենք ունենք ոչ միայն ռազմական համագործակցության ընդհանուր ձևաչափեր, այլ շատ կոնկրետ դրսևորումներ, որոնք վերջին ժամանակաշրջանում ավելի են ակտիվանում: Այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության պետ, ԱՊՀ երկրների ինստիտուտների հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
«Եթե մենք անցյալում խոսում էինք 200 մլն վարկի մասին, այսօր կարող ենք նշել, որ այն ունի կոնկրետ դրսևորումներ՝ այսինքն կոնկրետ ռազմամթերք և զենք է մուտք գործում Հայաստան: Բացի այդ, մենք խոսում ենք այն համագործակցության մասին, որը տարածաշրջանային խնդիրները նվազեցնելու, զսպելու նպատակ է հետապնդում: Դա ևս մեկ անգամ վերաձևակերպում գտավ միասնական ռազմական խմբի ձևավորման շրջանակներում: Կան համագործակցության դրսևորումներ հակաօդային պաշտպանության համակարգերի բնագավառում, ռազմաօդային ուժերի պարագայում», - նշել է Մարգարովը:
Քաղաքագետը հավելել է. «Ռազմական համագործակցության շարունակումը մենք կարող ենք տեսնել ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացման համատեքստում: Այստեղ պետք է գաղափարից անցնել հստակ գործողության: Մասնավորապես, Գյումրիում կարող է ի հայտ գալ այն համալիրը, որը կունենա և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ սոցիալական նշանակություն»:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությանը, որը 2015-ին անկում էր ապրում՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, նավթի գների անկմամբ, այս տարի այն դրական միտումներ է արձանագրել՝ համենայն դեպս վերլուծված կես տարվա տվյալներով: «Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ մոտ 50 տոկոսով ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը, երկրների միջև ընդհանուր շրջանառությունն ավելացել է մոտ 20 տոկոսով», - նշել է Մարգարովը՝ հավելելով, որ Ռուսաստանը շարունակում է հանդես գալ որպես հետաքրքիր գործընկեր: