Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վերանայվեցին: Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց 1.22 դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները: 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը ` 29.48 դրամ:
35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար սահմանվեց ցերեկային սակագին` 35.98 դրամ, գիշերային սակագին` 31.98 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կլինի 41.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ:
Ինչ վերաբերում է 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողներին (բնակչության զգալի հատվածը), ապա ցերեկային սակագին սահմանվեց 44.98 դրամ` նախկին 46.2-ի դիմաց, գիշերային սակագին` 34.98 դրամ:
Հիշեցնենք, որ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ: