2016 թվականին՝ պայմանավորված ԱՄՆ նախագահական ընտրություններով, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը համեմատաբար ավելի պասիվ էր, ինչը դրսևորվեց նաև հայ-ամերիկյան հարաբերություններում: Չնայած դրան, տարին առանձնացավ մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով, որոնց շարքում ուշադրության արժանի էր Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած «Հայաստան» ներդրումային համաժողովը: Համաժողովի շրջանակներում կայացավ ՀՀ Նախագահի այցը ԱՄՆ: Ուշագրավ է նկատել, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նույնպես անդրադարձավ այդ համաժողովին՝ ընդգծելով դրա կարևորությունը: Վերջինիս կարծիքով, համաժողովի միջոցով հնարավոր դարձավ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունն ամերիկյան ներդրողներին ներկայացնել որպես նոր դարպաս դեպի ավելի մեծ շուկա: Սա, անխոս, կարող է լուրջ խթան հանդիսանալ ՀՀ-ում ամերիկյան նեդրումների աճի համար:
Հոկտեմբերի 7-ին Վաշինգտոնում ՀՀ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կայացավ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը: Նիստի շրջանակներում ծավալված քննարկումները վերաբերում էին հայ-ամերիկյան համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերություն, քաղաքացիական ավիացիա, էներգետիկա, կոռուպցիայի դեպ պայքար և այլն: Ապագայում ևս անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը այս ձևաչափում՝ ընդլայնելով և խորացնելով փոխգործակցության ոլորտները:
2016 թվականի ընթացքում ՀՀ այցելեցին նաև ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում էին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան: Այցերի և տեղի ունեցած հանդիպումների շրջանակներում կարևորվեց հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և խորացումը տարբեր ոլորտներում:
Իհարկե, ամփոփելով 2016-ին հայ-ամերիկյան հարաբերությունները, չենք կարող չանդրադառնալ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, ԱՄՆ կողմից՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, նախաձեռնված քայլերին: Դրանց շարքում, թերևս պետք է կարևորել ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի շրջանակներում ձեռք բերած պայմանավորվածությունները և դրանց լիարժեք կատարումն, իհարկե, կարող է նպաստել հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը:
Այս համատեքստում կարևոր էին նաև ԱՄՆ տարբեր սուբյեկտների ունեցած անմիջական առնչությունները ԼՂՀ-ի՝ որպես հակամարտության ուղղակի կողմի հետ: Հատկանշական է, որ 2016 թվականին ԱՄՆ ևս երկու նահանգ, Հավային և Ջեորջիան ճանաչեցին ԼՂՀ անկախությունը (այսպիսով ԼՂՀ անկախությունը ճանաչած ԱՄՆ նահանգերի թիվը հասավ յոթի): Բացի այդ, 2016-ին ևս ԱՄՆ-ը ԼՂՀ-ին շարունակեց տրամադրել ուղղակի ֆինանսական օգնության: Նկատենք, որ այս ֆինանսական աջակցությունը կշարունակվի նաև 2017-ին:
Եթե փորձենք ամփոփել 2016 թվականը, ապա հայ-ամերիկյան հարաբերություններում գրանցված ակտիվություն կարող ենք համարել բավարար, բայց ոչ գոհացուցիչ: Հարաբերությունների հետագա խորացման համար թերևս անհրաժեշտ է կլինի շարունակել համագործակցությունը ոչ միայն առկա ձևաչափերում, այլ նաև ստեղծել համագործակցության նոր հարթակներ: Համագործակցության նման նոր հարթակ կարող է դառնալ, օրինակ, միջկուսակցական երկխոսության նոր ձևաչափի ստեղծումը: Համագործակցության մեկ այլ հարթակի կարող է դառնալ, օրինակ, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից (ԱԳՆ հետ կոորդինացմամբ) ԱՄՆ առանձին նահանգների հետ համագործակցության օրակարգի մշակումը և իրականացումը: