Սևանա լճի ջրի մակարդակը 2016-ի սկզբից 26 սմ–ով բարձրացել է և այսօր կազմում է 1900մ 48 սմ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ ոռոգման սեզոնն այս տարի տևել է հունիսի 7-ից սեպտեմբերի 12-ը։ Լճից բաց է թողնվել 167.1 մլն խ/մ ջուր 170 մլն առավելագույն օրենսդրական շեմի պարագայում։ 2015–ի հետ համեմատ՝ ջրաբաշխումը մի փոքր քիչ է եղել՝ 0.6 մլն խ/մ–ով։ 2002 թվականի վերջից ջրի մակարդակը բարձրացել է 3 մ 69 սմ–ով և 94 սմ–ով գերազանցում է պլանը, որը սահմանված է «Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման մասին» օրենքով։