Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսված աննախադեպ բռնաճնշումները կշարունակվեն նաև առաջիկա երեք ամիսներին: Թուրքիայի խորհրդարանը հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկարացրել է ևս 3 ամսով:
Նշենք, որ Թուրքիայի սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրությունը սահմանվում է երկրի ողջ տարածքում կամ առանձին շրջաններում ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով, եթե տվյալ տարածքում հաճախակի են դառնում ժողովրդավարական կարգի քայքայմանն ուղղված բռնության ակտերը, խորհրդարանը իրավունք ունի երկարացնելու այդ ռեժիմը առավելագույնը 4 ամսով: Արդյունքում արտակարգ ռեժիմի հերթական երկարաձգումը հակասահմանադրական է: Ավելին, չի բացառվում, որ այն ապրիլինի կրկին կերկարաձգվի: «Եղե՛ք համբերատար, հնարավոր է, որ նույնիսկ 12 ամիսը բավարար չլինի», - հայտարարել է էրդողանը:
Արտակարգ դրության ռեժիմը նախագահին և կառավարությանը հնարավորություն է տալիս նոր օրենքներ ընդունել՝ շրջանցելով խորհրդարանը և անհրաժեշտ չափով սահմանափակել բնակչության իրավունքները և ազատությունները: Մասնավորապես՝ արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում թուրքական իշխանություններն իրավունք են ստանում պարեկային ժամ սահմանել, սահմանափակել ժողովների ազատությունը, խուզարկության և ձերբակալության թույլտվություն տրամադրել հեշտացված գործընթացով, արգելել տպագիր մամուլի վաճառքը, սահմանափակել հեռուստահեռարձակումը:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում արդեն ձերբակալվել է ավելի քան 40 հազար մարդ, գյուլենական շարժմանը հարելու մեղադրանքով աշխատանքից ազատվել է ավելի քան 100 պետական ծառայող, փակվել են հարյուրավոր լրատվամիջոցներ:
Փորձագետները պնդում են, որ արտակարգ դրության ռեժիմի տված հնարավորություններն Անկարան իրականում օգտագործում է ոչ թե ժողովրդավարական կարգի վերականգնման, այլ երկրում բռնապետության ուժեղացման համար. արտակարգ դրության ռեժիմով Էրդողանն իր ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու իրավական հիմքեր է ստացել: Միևնույն ժամանակ, թուրք ժողովուրդը բավական հանգիստ է վերաբերվում կատարվողին՝ բռնաճնշումների դեմ ոչ մի կերպ չբողոքելով: էրդողանին հաջողվել է ժողովրդին համախմբել քրդերի և գյուլենականների դեմ: Չնայած դրան՝ միջազգային հանրությունը բավականին մտահոգ է Թուրքիայում տիրող իրավիճակով. Մարդու իրավունքների ՄԱԿ-ի հանձնաժողովը և Եվրախորհրդարանն այս կապակցությամբ հայտարարել են, որ արտակարգ ռեժիմի երկարաձգումը հակասում է թուրքական սահմանադրությանը:
Ամեն դեպքում արևմուտքի արձագանքն իրավիճակը չի փոխի: Արտակարգ դրության ռեժիմն Էրդողանի համար հիանալի հնարավորություն է մինչ սահմանադրական փոփոխություններ իրականացնելն ապահովել իր միանձնյա կառավարման իրավական հիմքերը:
Սակայն հարկ է նշել, որ ընդդիմախոսների նկատմամբ տարվող քաղաքականությունը լուրջ վտանգներ է ներկայացնում նույնիսկ Էրդողանի համար: Հեղաշրջման փորձից հետո թուրքական բանակը 518 հազար զինծառայողներից կրճատվել է 355 հազարի: Բանակի վերնախավը գրեթե ամբողջությամբ հեռացվել է: Հաշվի առնելով Սիրիայում Անկարայի սկսած ռազմական գործողությունները, քրդերի դեմ հակաահաբեկչական գործողությունը՝ թուրքական բանակի շարունակվող կրճտումը բավականին վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար: