2017 թվականն, ինչպես և հայտարարվել էր, մեկնարկեց երկու առանցքային կոմունալ վճարների՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցումով:
Արդյունքում բնակիչ-բաժանորդների համար 1 խորհանարդ մետր բնական գազը հունվարի մեկից արժե 139 դրամ (0,29 ԱՄՆ դոլար), իսկ սոցիալապես անապահով (նպաստառու) ընտանիքների համար՝ 100 դրամ (0,21 ԱՄՆ դոլար): Ջերմոցային տնտեսությունների համար նախկին 156 դրամի փոխարեն 1 խմ-ի դիմաց այսուհետ կգործի 100 դրամ սակագինը: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն, ապա այն նախատեսված է փետրվարի մեկից՝ 1 կվտ/ժ-ի համար 46.2-ի փոխարեն կգործի 44.98 դրամ, իսկ գիշերային 36.2-ի փոխարեն՝ 34.98 դրամ սակագինը:
Փորձենք խոսել նշված սակագների նվազման հետևանքների մասին՝ տարանջատելով դրանք սովորական սպառողների և բիզնես-սուբյկետների համար:
Սպառողների համար կոմունալ բեռի նվազեցմանն առավելապես կարելի է սպասել այն ժամանակ, երբ հոսանքի սակագինը ևս կնվազեցվի, այսինքն՝ մարտ ամսից, երբ արդեն և՛ սպառված գազի, և՛ հոսանքի դիմաց կվճարեն ցածր սակագնով: Դա պայմանավորված է հանգամանքով, որ առանձին վերցված նվազեցումներ եղել են ոչ շատ մեծ ծավալով: Գազի սակագնի նվազեցումն ուժի մեջ մտավ հունվարի մեկից և ամենաշատ սպառվող ժամանակաշրջանի՝ ձմռան առաջին ամսին այն հաշվարկվել է հին սակագնով: Այնուամենայնիվ, բավական մեծ գազի ծախս ենթադրող հունվար-փետրվար ամիսներին սպառողները որոշ չափով կզգան նոր սակագների դրական ազդեցությունը, իսկ էլեկտրաէներգիայի դեպքում դա նկատելի կլինի արդեն փետրվար ամսվա վճարումները կատարելիս:
Ինչ վերաբերում է գործարարներին, ապա սակագների նվազեցման առաջին ազդեցությանը պետք է սպասել նոր սակագնով նոր արտադրական ցիկլի ավարտից հետո միայն: Տնտեսվարողը կամ արտադրողը հունվարի մեկից էժանացած գազի համար խնայված կոմունալ վճարում կատարելու է փետրվարին, հոսանքի համար՝ մարտին: Ուստի արդեն հաջորդ արտադրական ցիկլում, որում տնտեսվարողը կունենա նվազեցված ծախսերի հաշվարկ, կարելի է սպասել դրա արդյունքի ինքնարժեքի նվազեցման:
Ստացվում է, որ իջեցված սակագների հաշվարկներով ստեղծված առաջին ապրանքը սպասվում է մարտ ամսից հետո:
Սա բնականոն գործընթաց է, որի դրական սպասումները կարող են նպաստել նաև արտադրական ծավալների աճի և/կամ որոշ ապրանքատեսակների գնի նվազեցման: Փոփոխությունների առավել հստակ ազդեցությունն ակնհայտ կլինի առաջին կիսամյակի ավարտին: Այստեղ մեծ դեր է խաղում նաև գյուղատնտեսական ապրանքների գների վրա սպասվող ազդեցությունը, քանի որ գազի սակագների տարբերակված մոտեցման համաձայն, ջերմոցային տնտեսությունների համար գազի սակագինը մեծ ծավալով է նվազել՝ 156-ից դառնալով 100 դրամ: