Հայաստանը նախատեսում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն՝ այդ մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում:
«Ներկայումս Դուբայն աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկն է: Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում՝ մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակն, ինչպես նաև բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ:
Նկատի ունենալով վերոշարադրյալն՝ աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունն, ինչպես նաև վերջին տարիներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ՝ նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները»,- նշված է հիմնավորման մեջ: