Ջասթին Բիբերի (What Do You Mean?) և Նիկոլայ Բասկովի հոլովակներում նկարահանված Victoria's Secret-ի մոլդովացի մոդել Քսենիա Դելին մեկ միլիոն ռուբլի է նվիրաբերել՝ Կրասնոդարից 68-ամյա անտուն Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու նպատակով, փոխանցում է News.am-ը:
«Քսենիան քեռի Միշային ծրար է փոխանցել՝ 1 մլն ռուբլով: Դա ինձ իրավունքն է տալիս ասել, որ #домдлядядимиши նախագծի շրջանակում դրամահավաքն ավարտված է», - հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Սվետլանա Չեռնիկովան:
Ավելի քան մեկուկես ամիս ակտիվիստները Facebook-ում գումար էին հավաքում Միխայիլ Գարիյանի համար, ով Բաքվից Կրասնոդար է տեղափոխվել 1989 թվականին՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Տարբեր հանգամանքների պատճառով նա ոչինչ չունի՝ ո՛չ փաստաթղթեր, ո՛չ ընտանիք, ո՛չ բնակարան: Տղամարդն ապրուստի միջոց է վաստակում Կրասնոդարի շուկաներում միրգ վաճառելով: Քեռի Միշան հայտնի է նաև որպես «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի ակտիվ երկրպագու:
Նշվում է նաև, որ այս ընթացքում կրասնոդարցիների օգնությամբ ավելի քան 800 հազար ռուբլի է հավաքվել: