ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը մոտակա օրերին այցելելու է Ադրբեջան, որտեղ պատրաստվում է Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել այդ երկրի և ԵԱՀԿ-ի հարաբերությունները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշենք, որ այդ հարաբերություններն այսօր բավականին լարված են, քանի որ Ադրբեջանն արգելափակում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը ևս 12 ամսով երկարաձգելու որոշումը:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը, մասնավորապես, պարզաբանել է, որ Բաքվի դժգոհությունը հարուցել են ԼՂՀ տարածքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ իրականացվող ականազերծման աշխատանքները:
Հարկ է նշել, որ խոսքը Հայաստանի Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին ԵԱՀԿ գրասենյակի աջակցության մասին է. վերջինս ականազերծման աշխատանքներ է իրականցնում Ադրբեջանին սահմանակից Հայաստանի բնակավայրերում, այլ ոչ թե՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ադրբեջանական փաստարկի անհիմն լինելն ընդգծվել է նաև դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում կայացած քննարկումների ժամանակ, որտեղ նախագահողը, ի պատասխան ադրբեջանական պատվիրակության առարկությունների, նշել է, որ ԵԱՀԿ Գերմանական նախագահությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակ էր գործուղել իր հատուկ պատվիրակին: «Հիմնվելով նրա ներկայացրած փաստերի վրա, մենք եզրակացրեցինք, որ խնդրի առարկա դարձած գործունեությունը չի հակասում գրասենյակի մանդատին», - ասել է նախագահողը:
Ամեն դեպքում ադրբեջանական կողմը շարունակել է անդրդվելի մնալ: Այսպիսով, չնայած Բաքվի տարածած ապատեղեկատվությանը, իրականում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության բովանդակային հարցերի շուրջ որևէ հակասություններ չկան, ուստի այս քայլով Բաքուն միանգամայն այլ հարց է լուծում:
Չի բացառվում նաև, որ ձգտելով հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, Բաքուն նպատակ է հետապնդում թուլացնել տարածաշրջանում կառույցի ազդեցությունը՝ այդ կերպ թուլացնելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքերը: Գաղտնիք չէ, որ Բաքուն տարիներ շարունակ ջանքեր է գործադրում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները դուրս բերելու և այլ ձևաչափ տեղափոխելու ուղղությամբ:
Սակայն փորձագետները նշում են, որ երևանյան գրասենյակի փակումից Հայաստան-ԵԱՀԿ հարաբերությունները մեծ հաշվով չեն տուժի, քանի որ դրանք մշտապես բարձր մակարդակի վրա են եղել, փոխարենն՝ իր այս քայլով Բաքուն էլ ավելի է բարդացնում կառույցի հետ իր հարաբերությունները: