Թուրքիայի խորհրդարանում կրկին թեժ կրքեր են բորբոքվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումների ընթացքում: Այս անգամ ծեծկռտուքի են բռնվել կանայք:
Ինչպես հայտնում է tert.am-ը՝ CNN-ի թուրքական ծառայությանը հղումով՝ Անկարայից ընտրված անկուսակցական պատգամավոր Այլին Նազլըաքան ինքն իրեն ձեռնաշղթայել է Մեջլիսի ամբիոնի խոսափողից և մոտ երկու ժամ բոյկոտել խորհրդարանական քննարկումները: Այնուհետև, երբ խորհրդարանի փոխխոսնակը խնդրել է պատգամավորին վերադառնալ իր տեղն ու չխոչընդոտել խորհրդարանի աշխատանքին, Նազլըաքան համախմբման կոչ է արել կին պատգամավորներին:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Անթալիայից ընտրված կին պատգամավոր Գյոքչեն Օզդողան Էնչը փորձել է բռնի ուժով հանել Այլին Նազլըաքանի ձեռնաշղթաները, ինչի ընթացքում կռիվ է սկսվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության և իշխանամետների կին պատգամավորների միջև: Ծեծկռտուքին միջամտել են նաև ընդդիմադիր քեմալականները:
Ծեծկռտուքի հետևանքով Մեջլիսի փոխխոսնակ, քրդամետ պատգամավոր Փերվին Բուլդանը տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներից Շաֆաք Փավեի ձեռքի պրոթեզը դուրս է եկել: