ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Շատ կարևոր է համարվում մարդասիրական ոլորտը (երկու երկրների համագործակցության), մեր ժողովուրդների միջև ուղիղ կապերի ընդլայնումը: Մենք պայմանավորվել ենք ընթացիկ այցի շրջանակներում, որ Ռուսաստանի բնակիչները կկարողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով, ինչի մասին ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ: Դա կամրապնդի համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է մարդասիրական փոխգործակցությունը»,- ասել է Մեդվեդևը:
Կարեն Կարապետյանն, իր հերթին, հույս է հայտնել, որ որոշումը կխթանի մշակութային- մարդասիրական հարաբերությունների զարգացումը:
«Ես կարծում եմ, որ դա լուրջ խթան կհանդիսանա մշակութային-մարդասիրական հարաբերությունների զարգացման համար: Ինձ թվում է, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի քաղաքացիների այցելության երկիր, խիստ թերագնահատված է»,- ասել է Կարեն Կարապետյանը: