«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է հայկական բանակում զինվորական ծառայությունն անցկացրած տղաների հետ, ովքեր մասնակցել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմին:
Մի առիթով, Մարկ Տվենն ասել է. «Կարծում եմ, հերոսը նա է, ով հասկանում է իր պատասխանատվության չափը, որը տրվում է ազատության հետ»: Ամերիկացի գրողի խոսքերը պատահական չհիշեցինք. հետաքրքիր է, որ պատասխանատվության գիտակցության մասին նշեց նաև քառօրյա պատերազմի ժամանակ ԼՂՀ Ասկերանի շրջանում ծառայությունն անցկացրած Վարդգես Հակոբյանը: «Ի՞նչ տվեց ապրիլյան պատերազմը» հարցին ի պատասխան Վարդգեսը նշեց. «Մեզանում ավելի ամրապնդվեց հայրենիքը պաշտպանելու պարտականությունը... Մեզ լավ զգացինք, երբ քաղաքացիները եկան՝ մեզ ուժ տալու, ոգևորելու»:
Վարդգեսը պատմում է, որ պատերազմը փոփոխություններ բերեց բանակում, միջանձնային հարաբերություններում. «սովորական, երբեմն վատ հարաբերությունները պատերազմից առաջ, այդ ժամանակ դարձան նախանձելի»:
Մեր հարցին ի պատասխան, թե ինչ երեք խոսքերով կբնութագրի «պատերազմ» երևույթը, Վարդգեսը վճռորոշ նշեց. «Ուժ, հավատարմություն և խիզախություն»:
Պատերազմին մասնակցած Վարդգեսը նորակոչիկների խորհուրդ է տալիս՝ լսել հին ծառայողներին և նրանց խորհուրդներն ընդունել՝ որպես ավագ ընկերոջ խոսք:
Իսկ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ նրա շնորհավորանքն այսպիսին էր. «Զինվորից մինչև գեներալ մաղթում եմ բարի ծառայություն, կապույտ երկինք, կանաչ ճանապարհ և ամենադրականը»:
Զրուցեցինք նաև «Եղնիկներ» կոչված շրջանում ծառայությունն անցկացրած Արթուր Մկրտչյանի հետ:
Ըստ նրա՝ պատերազմը տվել է ամեն ինչ, առաջին հերթին՝ կյանքի փորձ: «Շատ բան կարողանում ենք միանգամից հասկանալ, քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ պետք է միշտ կանգնած լինենք մեր եղբայրների, մեր ծնողների համար և նրանց համար պատրաստ ենք ամեն ինչի»,- նշեց Արթուրը:
Նրա խոսքերով՝ Ապրիլյան պատերազմից հետո տրամադրությունը բանակում շատ չի փոխվել: Զինվորների միջև ջերմություն մշտապես եղել է, ըստ նրա, այլ կերպ չէր կարող լինել: «Միմյանց հետ սահման ենք պահել, այդ դեպքում առանց լավ հարաբերությունների հնարավոր չէ: Պատերազմից հետո այդ հարաբերություններն միանշանակ ավելի խորացան»,- ասաց Արթուրը:
«Հիմնական զգացողությունը կենդանի մնալն էր... չկորցնել կյանքդ, որպեսզի կարողանաս ապահովել ընտանիքիդ ու ազգիդ գոյությունը»,- ապրիլյան օրերի մասին հիշում է նա:
Նորակոչիկներին խորհուրդ է տալիս ամենակարևորը զգոն լինել. «Ուշադիր, ամեն քայլափոխին մտածված գործեն: Կարևոր է, որպեսզի իրար կողքի կանգած լինեն՝ զինվորը զինվորի, զինվորը սպայի, և սպան՝ զինվորի, փոխադարձաբար»:
Ըստ Արթուրի՝ հայկական բանակի հիմնական առավելությունը զինվորների քաջությունն է ու խելքը:
Ապրիլյան քառօրյա պատերազմը, մեր հերոս տղաների հնարամիտ քայլերի մասին պատմությունները, նրանց ցուցաբերած արիությունն ու հանգստությունը լավագույն վկայականն էին Հայոց բանակի առավելության:
Շնորհակալ ենք, զինվո՛ր: Շնորհավո՛ր, հա՛յ ազգ. քո զինվորներն այսպիսին են: