Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախյան պատերազմի մասնակից, Սասուն ջոկատի ազատամարտիկ Ռուբեն Սարգսյանի հետ:
- Ի՞նչը դրդեց Ձեզ մեկնել ռազմաճակատ և ի՞նչ գաղափար էր առաջնորդում մարդկանց այդ օրերին:
- Հայրենիքի մի մասնիկի վտանգված լինելու փաստը: Բոլորիս էլ դրդում էր այն գիտակցությունը, որ մենք պետք ենք մեր հայրենիքին, որ պետք է օգնած լինենք այդ դժվար պահին:
- Ի՞նչն է, ըստ Ձեզ, փոխվել այն օրերի և ներկայիս զինվորի կերպարի մեջ:
- Այն ժամանակ շատ դժվարությամբ էին գալիս բանակ, եկածներն էլ լավ չէին ծառայում, չէին մասնագիտանում: Իսկ հիմա արդեն իսկական պրոֆեսիոնալ բանակ ունենք` սկսած ռազմական ուսումնարանից, ինստիտուտից, մինչև զորամասերի ամենօրյա պարապմունքները:
- Ի՞նչ կմաղթեք հունվարի 28-ի կապակցությամբ:
- Անվտանգ, խաղաղ ծառայություն մեր բոլոր զինվորներին: Հայոց բանակի հզորացում:
- Ինչ-որ հետաքրքրաշարժ պատմություն կհիշե՞ք պատերազմի տարիներից:
- Մի շատ հետաքրքիր դրվագ կա, որը սակայն մեր ջոկատի հետ չի կապված: Եղեգնաձոր քաղաքի երկրապահի ջոկատի սխրագործություններից է, որին անձամբ ներկա ենք եղել, տեսել ենք:
Այնտեղ բարձր պատվանդամի վրա մի տանկ կար, որը մնացել էր դեռևս 1941 թվականի Հայրենական Մեծ պատերազմից: Տղաները տանկը տեղից հանել էին, անգամ շարժել, սակայն փոխանցման տուփը հանած էր եղել միջից: Հնարամիտ զինվորները հասել էին Երևան, Հաղթանակի զբոսայգում դրված մեկ այլ տանկից հանել էին պահպանված փոխանցման տուփը և տեղադրել իրենց «փախցրած» տանկի մեջ:
Սկզբում նրանց բռնել էր տեղի ոստիկանը, այնուհետև լուրը հասել էր Վազգեն Սարգսյանին, ով ծիծաղել էր միայն և թույլատրել տղաներին անել այն, ինչ ուզում են:
Վերջիններս հետ էին դարձել Եղեգնաձորի մոտակայքում գտնվող Խաչիկ գյուղ, որը Նախիջևանի շրջանի հետ սահմանակից է, և որտեղ շատ լարված իրադրություն էր: Եվ ահա տանկը գյուղ են իջեցրել, և թուրքերը հեռվից տեսնելով այն, մեծ աղմուկ-աղաղակ են բարձրացրել:
Հետաքրքիրն այն է, որ տանկի առջևից կամ հետևից ոչ մի ուղեկցող զինվոր, ոչ ոք չի գնացել: Միմիայն տանկիստն է եղել, ով սահմանին իսկական իրարանցում է առաջացրել: Իհարկե, կարճ ժամանակ անց 50-ամյա տանկը փչացել է, սակայն հասցրել է մի լավ վախեցնել հակառակորդին: