Այսօր Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը քննարկվել էր հունվարի 19-ին` Դանիայի «Սոցիալիստական», «Ազատական դաշինք» և «Այլընտրանք» կուսակցությունների (Enhedslisten, Liberal Alliance և Alternativet) համատեղ նախաձեռնությամբ և պատգամավորներ Նիկ Հեկերուպի, Սորեն Էսպերսենի, Մայքլ Աաստրուպ Յենսենի, Հենրիկ Դալի, Ռենե Գէլի, Մարտին Լիդեգարդի և Նասեր Խադերի համահեղինակությամբ: Նախաձեռնության առաջխաղացման մեջ մեծագույն նպաստ է ունեցել Դանիայի հայ համայնքն՝ իր ներդրած բազմաթիվ ջանքերով:
Ընդունվել է բանաձևի այն նախագիծը, որտեղ օգտագործվեկ են «Արևելյան Անատոլիա» և «ողբերգական ու արյունալի իրադարձություններ» ձևակերպումները, մինչդեռ քննարկված մեկ ուրիշ նախագծում օգտագործվել էին «Օսմանյան կայսրություն» և «ջարդեր ու բռնի տեղահանություններ» արտահայտությունները:
Պատգամավորներից ոմանք, կասկածի տակ չառնելով Հայոց ցեղասպանության իրողությունը, միևնույն ժամանակ դեմ էին արտահայտվել «ցեղասպանություն» և «դատապարտել» բառերի օգտագործմանը: Ուստի, առաջարկել էին որոշակի փոփոխություններ կատարել ներկայացված փաստաթղթում:
Բանաձևով խորհրդարանում վերահաստատել է 2015 թվականի մայիսի 19-ի որոշումը, որը դատապարտում էր «հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և այլ բռնությունները»:
Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», փաստաթղթում նաև նշված է, որ Դանիայի խորհրդարանը հաշտեցման լավագույն ճանապարհն է համարում բաց երկխոսությունը պատմության շուրջ՝ հիմնվելով դրա ազատ ու չգրաքննվող ուսումնասիրության վրա: Խորհրդարանն ափսոսում է, որ թուրքական օրենքը թույլ չի տալիս քաղաքացիներին ու լրատվամիջոցներին օգտագործել «ցեղասպանություն» բառը և դա ակադեմիական, ինչպես նաև արտահայտման ազատության ոչ խելամիտ սահմանափակում է համարում:
«Առաջին անգամն է, որ Դանիայի խորհրդարանը նման կերպ միավորվում է և միաձայն քննադատում Թուրքիային՝ Հայերի Ցեղասպանությունը ժխտելու համար»,- հայտարարել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Վիլմուլսենը:
Ինչևէ, պետք է փաստել, որ այս բանաձևն ամենևին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև չէ, չնայած որ Դանիայի խորհրդարանի այս քվեարկությունը կարելի է համարել նշանակալի առաջընթաց Հայոց ցեղասպանության շուրջ Դանիայի քաղաքական դիրքորոշման առումով:
Դանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նշում են այդ երկրի քաղաքական ու պատմագիտական շրջանակները, վաղուց է հասունացել: Դանիական արխիվներում պահվում են միսիոներների ու դիվանագետների հազարավոր փաստաթղթեր ու վավերագրեր Հայոց ցեղասպանության մասին: