Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախյան պատերազմի մասնակից, Եղեգնաձորի կամավորական ջոկատի ազատամարտիկ, ներկայումս ՊՆ Սպառազինության վարչության պահեստազորի գնդապետ Մանվել Զաքարյանի հետ:
- Ինչպե՞ս որոշեցիք մեկնել ռազմաճակատ:
- Ծնունդով Նախիջևանից եմ: Ադրբեջանցիների հետ փոքրուց եմ հարցեր ունեցել. իրենց պահվածքն, իրենց մոտեցումները մեր ազգին, մեր ժողովրդին, ստիպողաբար մեզ տարհանելը։ Այդ ամեն ինչն ինձ մոտ կուտակված էր: Նախիջևանի մեր Նորաշեն գյուղում թուրքական դպրոցը շատ ճոխ էր, ամեն դասարան իր սենյակն ուներ, իսկ հայերի դպրոցը մի փոքրիկ սենյակ էր, որտեղ ուսուցանում էին առաջինից ութերորդ դասարանցի աշակերտները: Վիրավորանքը փոքրուց էր գալիս:
- Եղել եք 92թ. պատերազմի մասնակից, եղաք նաև Ապրիլյան պատերազմի ականատեսը: Ի՞նչ հիմնական տարբերություններ կնշեք այդ տարիների միջև:
- Պետք է անկեղծանամ՝ ամեն ինչի սպասում էի, բայց որ մեր երիտասարդներն այդ կերպ կկանգնեին հակառակորդի առաջ, անկեղծ ասեմ, որպես պահեստազորի գնդապետ, ինձ համար մի փոքր անսպասելի էր: Այդ ամենը տեսնելով՝ շատ ուրախացա, չնայած, որ զոհեր ունեցանք, բայց...
- Հայոց բանակն այս տարի դառնում է 25 տարեկան: Այս տարիների ընթացքում, լինելով նաև բանակի մարդ, ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:
- Առաջինն այն է, որ մեր բանակն արդեն լիարժեք կայացած է: Չնայած, որ բանակում միշտ էլ կան վերազինվելու, վերակառուցվելու աշխատանքներ, բանակը կայացած է, և այն, որ մենք, սկսելով որսորդական հրացաններով, հիմա ունենք ամեն ինչ՝ համակարգչային, ավտոմատացված համակարգեր, կարծում եմ, մեր ձեռքբերումներն են:
- Ինչն էր ամենատպավորիչը պատերազմից:
- Հիշելու շատ բաներ կան, այդ թվում՝ շատ տխուր: Ամենահաճելի պահերից մեկն այն էր, Շուշիի ազատագրումից հետո Լաչինի ճանապարհով զինտեխնիկան տեղափոխեցինք Ստեփանակերտ արդեն ոչ շրջանցող ճանապարհով: Այդ ընթացքում Շուշիի վերևի հատվածից, երբ կանգնեցինք նայեցիքն, պահը շատ հաճելի էր: Մնացած պահերը, ցավոք, ավելի շատ տխուր էին, որոնց մասին չէի ցանկանա հիշել... Պատահել է մի պահ կանգ ենք առել, մեր կանգնած տեղը ռմբակոծել են: Ընկերս է մահացել ձեռքերիս վրա: Դրանք շատ տխուր պահեր են, սակայն չպետք է մոռացվեն:
- 92-ի պատերազմական գործողությունների ընթացքում մարտավարական ի՞նչ հնարքներ կհիշեք, որ կիրառել եք:
- Մի դեպք պատմեմ: Որպես նախարարության մասնագետների՝ մեզ շատ էին գործուղում ռազմաճակատային գծեր, տեխնիկայի նորոգումը կազմակերպելու, անսարք տեխնիկան դուրս բերելու և այն: 1993 թ. աշնանն էր, ընկանք շրջափակման մեջ: «Արծիվ 28» ջոկատի հետ էինք, ջոկատավարն Արթուրն էր: Այդ ժամանակ, երեք տանկից աշխատում էր միայն մեկը: Մինչև առավոտ մեկն էլ նորոգեցինք: Մասնագետների հարցում մի քիչ խեղճանում էինք, օրինակ ինձ համար T-78 տանկերը մի քիչ անծանոթ տանկեր էին, և աննշան սխալի դեպքում տանկն ավտոմատ անջատվում էր: Այդ ժամանակ, փաստորեն երրորդ զինտեխնիկան պետք է ետ բերեինք, մոտ 50-60 կմ սարերի միջով պետք է անցկացնեինք և բերեինք Գորիս: Ստացվեց այնպես, որ շրջափակման մեջ հայտնվելուց հետո երրորդ օրը, մեր վարչության պետն, ով մեզ հետ էր, կարգադրեց, որ քարշակ զինտեխնիկայով, որ մենք ունեինք (тягач), այդ տանկը տեղափոխենք Գորիս: Վարչության պետը հրամայել էր, մենք էլ պետք է կատարեինք: Մի խոսքով ստացվեց, որ ճանապարհին, մեծ շրջապտույտով մի տեղ կար, որտեղ տանկն իր ընթացքով էինք անցկացնում, այն իջավ ձորի մեջ: Մեզանից բարձր դիրքերում ավտոմատներով զինված թուրքերն էին: Այդ պահին մենք անսարք տանկի հրանոթն ուղղեցինք վերև, քարշակի ատրճանակը (пулемёт ) դրեցինք շարժունակ վիճակում: Նրանք մեր այդ գործողություններից վախեցան մոտ գալ՝ չհասկանալով անգամ, որ տանկն անսարք վիճակում է: Մի խոսքով այդ դրությունից դուրս եկանք և հետո միայն, որոշակի ժամանակ անց, հասկացանք, որ հրանոթը շարժելով վախեցրել էինք թուրքերին, հակառակ դեպքում շատ հանգիստ կարող էին մեզ ոչնչացնել:
- Ո՞րն է հայ զինվորի հավաքական կերպարը:
- Կրկին ապրիլյան դեպքերը պետք է հիշեմ: Նախորդ պատերազմի ժամանակ տղաները՝ թե՛ մեծերը, թե՛ կրտսեր սերունդը, այլ մտածելակերպ ունեին: Ես այսօրվա սերնդից նման համախմբվածություն, նման քաջություն չէի սպասում: Ես փառք եմ տալիս մեր ջահելներին, մեր ծնողներին, որ նման երեխաներ են դաստիարակում: Կարող եմ հանգիստ լինել, որ սահմանին կանգնած են ուժեղ տղաներ, ունենք ուժեղ բանակ:
-Ի՞նչ կմախթեք Բանակի օրվա կապակցությամբ
- Առաջնահերթ մաղթում եմ կապույտ երկինք: Կրակոցները թող լինեն միայն ուսումնամարզական կայաններում և թող մեր ջահելները շարունակեն այսպես հոգով ամուր մնալ: