ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը, փոխանցում է РИА Новости-ն։
«ԱԽ անդամները լուրջ անհանգստություն են արտահայտել՝ կապված Ուկրաինայի արևելքում իրավիճակի վտանգավոր վատթարացման և տեղի բնակիչների վրա լուրջ ազդեցության հետ»,-ասվում է ընդունված հայտարարությունում։ Հայտաարության այդ նախագիծը երեքշաբթի ԱԽ էր մտցրել Ուկրաինայի պատվիրակությունը։
Համաձայնեցված փաստաթղթում դատապարտվում է Դոնեցկի մարզում՝ շփման գծի երկայնքով զինատեսակների կիրառումը, որոնք արգելված են Մինսկի համաձայնագրերով և որոնք դարձել են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի ու վիրավորների պատճառ։ Խորհրդի անդամները նաև լիարժեք աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայտարարել 2202 բանաձևին և Մինսկի պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտության մասին։
Հունվարի 29-ից Ուկրաինայի արևելքում վերսկսվել են ռազմական գործողությունները, մասնավորապես դրանք ընթանում են Դոնեցկի ծայրամասային Ավդեևկա քաղաքում, որը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ, և դրան հարակից բնակավայերում: Կողմերը միմյանց մեղադրում են մարտական գործողություններ սկսելու մեջ: Հաղորդվում է, որ Ավդեևկայում հումանիտար ճգնաժամի վտանգ կա, քանի որ քաղաքը 20 աստիճան ցրտի պայմաններում մնացել է առանց էլեկտրամատակարարման և ջեռուցման:
Թերևս այժմ փորձագետները դժվարանում են հստակ գնահատական տալ տեղի ունեցողին: Ավդեևկայում ռազմական գործողությունները շատերի համար միանգամայն անսպասել էին, քանի որ քաղաքը տնտեսական կարևոր նշանակություն ունի, ինչպես Կիևի, այնպես էլ անջատողականների համար. այստեղ գործում է գետնածուխի մշակման գործարան, որին հումքը մատակարարում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ արտադրանքը մատակարարվում է ուկրաինական մետալուրգիական գործարաններ:
Ամեն դեպքում ռազմական գործողությունների վերսկսումն ինքնանպատակ չէ, և կողմերից յուրաքանչյուրն այստեղ ունի իր շահերը: Մասնավորապես ԴԺՀ-ն Ավդեևկայի շրջանում ռազմական գործողություններ սկսելով փորձում է պահպանել իր վերահսկողությունը Դեբալցևոյի նկատմամբ, որը Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրագործման դեպքում պետք է մնա ուկրաինական վերահսկողության տակ: Մյուս կողմից Ուկրայինայի արևելքում ստեղծված իրավիճակը կարող են սրացնել դիտավորյալ, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանգնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման ծրագիրը: «Պյոտոր Պորոշենկոն կփորձի անել ինչ հնարավոր է, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդհատում»,- գրում է գերմանական Suddeutsche Zeitung թերթը:
Ավելացնենք, որ մինչ միջազգային հանրությունը և մասնավորապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը հակամարտության կողմերին հրադադարի վերականգնման կոչեր են անում, երկու կողմերի զոհերի թիվը՝ այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում ավելանում է: