Բրիտանական խորհրդարանը կողմ է քվեարկել Brexit-ի մեկնարկին: Կառավարության օրինագծին աջացել է Համայնքների պալատի 498 անդամ, դեմ են հանդես եկել 114-ը։
Ինչպես նշում է BBC-ն, Brexit-ի հակառակորդների շարքում են եղել Շոտլանդական ազգային կուսակցությունը և լիբերալ դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավորներ և մեկ պահպանողական։ Այժմ փաստաթուղթը կքննարկվի կոմիտեների մակարդակով։ Եզրափակիչ՝ երրորդ ընթերցումը ծրագրված է փետրվարի 8-ին։
Նշենք, որ այսօր նախատեսվում է հրապարակել երկիրը Եվրամիության կազմից դուրս հանելու մանրամասն պլանը՝ այսպես կոչված «Սպիտակ գիրքը»: Նշվում է, որ այն առաջին հերթին նախատեսված է երկրի խորհրդարանում քննարկումների համար, քանի որ բազմաթիվ խորհրդարանականներ, այդ թվում նաև իշխող Պահպանողական կուսակցությունից, պահանջում էին հրապարակել Brexit-ի վերաբերյալ կառավարության քաղաքականությունը վերջնականապես բացահայտող փաստաթուղթ:
Փորձագետները կարծում են, որ «Սպիտակ գիրքն», ամենայն հավանականությամբ, կպարունակի Brexit-ի վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի հունվարյան ելույթները, քանի որ նման փաստաթղթերի ձևակերպման կանոններ չկան: Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Brexit-ի վերաբերյալ իր ընդարձակ ելույթում Մեյը հնչեցրել է, թե ԵՄ հետ բանակցությունների ժամանակ ինչ սկզբունքներով է առաջնորդվելու Լոնդոնը: Այստեղ շատերի համար նորություն էր մասնավորապես, որ բացի ԵՄ-ից Բրիտանիան պատրաստվում է դուրս գալ ընդհանուր եվրոպական շուկայից, մաքսային միությունից և ԵՄ դատարանի իրավասությունից: Դա մեծ հիասթափություն էր եվրոպամետ պատգամավորների և շարքային բրիտանացիների համար: Վարչապետը նման «կոշտ» դիրքորոշումը բացատրել է ԵՄ հետ առևտրային նոր, առավել շահավետ համաձայնագրեր կնքելու հեռանկարով:
Փորձագետները կարծում են նաև որ «Սպիտակ գրքում» կընդգծվի նաև ինքնավար շրջանների՝ Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի դերը Brexit-ի շուրջ քննարկումներում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիայի Գերագույն դատարանը վճռել էր, որ ինքնավար շրջանների խորհրդարանների համաձայնությունը՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ չէ: Մեյը նաև նշել է, որ ԵՄ կազմից դուրս գալուց հետո կպահպանի ընդհանուր միգրացիոն տարածքը Իռլանդիայի հետ, քանի որ բնակչության մեծ մասին հարևան երկրի հետ կապում է ընտանեկան կապերը:
Մյուս կարևոր առաջնահերթությունը Լոնդոնի համար հնարավորինս արագ ստանալ ԵՄ-ում ապրող և աշխատող բրիտանացիների իրավունքների երաշխիքներ և հակառակը:
Բրիտանական կառավարությունում նախատեսում են Բրյուսելին Brexit-ի մեկնարկի մասին տեղեկացնել մինչև մարտի վերջ, ինչի համար համապատասխան օրինագիծը պետք է հավանություն ստանա բրիտանական խորհրդարանի երկու պալատների կողմից: