Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունների ավարտը հեռավոր ապագայում չէ, այդ մասին փետրվարի 2-ին Մատենադարանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի տնօրեն Քրիստիան Դանիելսոնը:
«Ես ինքս, իհարկե, բանակցող ներկայացուցիչ չեմ, բայց կարծում եմ՝ բանակցությունների ավարտին շատ քիչ է մնացել», - նշեց Դանիելսոնը:
«Այս պահին Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիր գոյություն ունի, սակայն մեզ անհրաժեշտ է նոր համաձայնագիր, որը կարտացոլի համագործակցության հետագա ուղղությունները և որտեղ ընդգրկված կլինեն մի քանի ոլորտներ»,- հայտնել է Դանիելսոնը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագրին, բարձրաստիճան պաշտոնյան մասնավորապես նշել է. «Վիզաների ազատականացման ճանապարհը, որը պետք է անցնեն երկու կողմերը, բոլորիս շատ լավ հայտնի է: Մակարդակը, որին մենք հասել ենք Հայաստանի հետ այս շրջանում, բավականին բարձր է»:
«Ժողովուրդների միջև շփումները շատ կարևոր են, ուստի մենք միասին մեկ-երկու տարի եռանդուն աշխատել ենք, որպեսզի վիզաների դյուրացման համաձայնագիր լինի, որը 2012-ին կնքվեց և հիմա սկսում է ուժի մեջ մտնել: Այժմ պետք է ձգտենք, որ այդ համաձայնագիրը լիովին իրագործվի»,- ասել է նա:
Նշենք, որ Դանիելսոնը հանդիպել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարարը նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, գոհունակությամբ արձանագրել ոլորտային համագործակցության խորացումը:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով ներկայացուցիչը հանդիպել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով նշել է, որ մեր երկիրը այսուհետ ևս պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ այս գործընթացում Միության կողմից ներդրվող ջանքերի ու ռեսուրսների, այդ թվում՝ գալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տրամադրած աջակցության համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Գործընկերության առաջնայնությունների շուրջ բանակցային գործընթացը: