2017թ փետրվարի 2-ը Վրաստանի համար դարձավ բավական կարևոր ամսաթիվ, քանի որ Եվրախոհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը:
Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-Վրաստան բանակցությունները սկսվել էին դեռևս 2012 թվականին (սպասվում է, որ ԵՄ-ն մոտ ապագայում նման բանակցություններ կսկսի նաև Հայաստանի հետ): ԵՄ միգրացիոն ճգնաժամի պատճառով շուրջ կես տարի ձգձգված այս որոշման շնորհիվ Վրաստանի քաղաքացիներն իրավունք կստանան վեց ամսվա ընթացքում 90 օր գտնվել Շենգենյան գոտու երկրներում՝ զբոսաշրջության, բուժման կամ կրթության նպատակով: Եվրախորհրդարանի որոշումն անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերից հետո վերջնականապես ուժի մեջ կմտնի մարտի վերջին կամ ամենաուշը՝ ապրիլի սկզբին: Ազատականացված վիզային ռեժիմն ուժի մեջ կմտնի, երբ զուգահեռ գործարկվի Եվրամիության մշակած մեխանիզմը, որը հնարավորություն կտա չարաշահումների դեպքում ժամանակավորապես սառեցնել մուտքի արտոնագրի ազատականացումը:
Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված ցանկալի է ուշադրություն դարձնել մի քանի նրբությունների վրա: Նախ՝ առանց վիզային ռեժիմը վերաբերում է միայն կարճաժամկետ վիազներին և հստակ սահմանված նպատակով (զբոսաշրջություն, բուժում, կրթություն, բիզնես): Հատկանշական է, որ 3 ամսից ավել տևող կրթության համար Վրաստանի քաղաքացիները ստիպված կլինեն, ինչպես նախկինում, դիմել անհրաժեշտ վիզա ստանալու համար:
Առանց վիզային ռեժիմից կարող են օգտվել Վրաստանի միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր: Շենգեն գոտու որևէ երկիր այցելելիս նրանք նաև պետք է ունենան այցը հիմնավորող այնպիսի փաստաթղթեր, որոնք սովորաբար պահանջվում են վիզա տրամադրելիս (օրինակ՝ այցելության նպատակին, պայմաններին և ժամկետներին առնչվող փաստաթղթեր, ֆինանսական բավարար միջոցների ապացույց և այլն):
Հատկանշական է, որ վիզային ռեժիմի ազատականացումը բնավ չի ենթադրում Վրաստանի քաղաքացիներին Շենգեն գոտում աշխատանքի իրավունքի տրամադրում (անգամ կարճաժամկետ): ԵՄ ցանկացած երկրում աշխատելու համար Վրաստանի քաղաքացիները նախկինի պես ստիպված կլինեն դիմել համապատասխան մարմնին, ինչպես վիզայի, այնպես էլ աշխատանքի թույլտվություն ստանալու համար:
Բացի Վրաստանի քաղաքացիների համար ստեղծվող հնարավորություններից Եվրախորհրդարանի՝ վիզային ռեժիմի ազատականացման որոշումը կարևոր է նաև Վրաստանի իշխանությունների համար մի քանի առումով՝
Չնայած Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը բավական մեծ ոգևորություն է առաջ բերել հանրության շրջանում, որոշ փորձագետներ, այնուամենայնիվ, ուշադրություն են հրավիրում նաև դրա հնարավոր մարտահրավերների վրա: Խոսքը մասնավորապես վերաբերում է Վրաստանից դեպի ԵՄ միգրացիոն անօրինական հոսքերի հնարավորությանը (անկախ ռեադմիսիայի համաձայնագրից): Նման ռիսկն ունի որոշակի իրատեսականություն, եթե հաշվի առնենք, որ, ըստ վերջին հետազոտությունների, Վրաստանի 20-50 տարեկան բնակիչների շուրջ 25%-ը (մոտ 1.6 մլն մարդ) հանդիսանում է «պոտենցիալ միգրանտ», այսինքն՝ համապատասխան հնարավորությունների դեպքում ցանկանում է հեռանալ երկրից:
Ի դեպ, Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր Շենգեն գոտում կխախտեն սահմանված վիզային ռեժիմի կարգը, հայրենիք կարտաքսվեն Վրաստանի պետական բյուջեի հաշվին: