Ինչպես հայտնի է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում սա Մերկելի հինգերորդ այցն է եղել Անկարա: Իսկ ահա Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո սա կանցլերի առաջին այցն էր, որի շրջանակներում նա հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ԵՄ անդամակցությանը, ՆԱՏՕ-ին, փախստականների խնդրին առնչվող հարցեր: Չեն շրջանցվել նաև Էգեյան ծովում տեղի ունեցած վերջին զարգացումները, տարածաշրջանային իրադրությունը, մասնավորապես՝ դրությունը Սիրիայում և Իրաքում:
Անդրադառնալով փախստականների հարցով Թուրքիա-ԵՄ համաձայնագրի կնքմանը` Մերկելն ընդգծել է, որ դա բխում է երկու կողմերի շահերից:
Գերմանիայի կանցլերը Թուրքիայի նախագահ Էրդողանին կոչ է արել նաև հետևել ժողովրդավարության նորմերին՝ անհանգստացած լինելով ընդդիմության և լրագրողների հանդեպ հալածանքների լուրերով:
«Խորը քաղաքական ցնցումների ընթացքում ամեն բան պետք է անել, որպեսզի պաշտպանվեն խոսքի ազատությունն ու քաղաքական բազմակարծությունը», - հայտարարել է Մերկելն Էրդողանին:
«Ընդդիմությունը ժողովրդավարական համակարգի մաս է, ինչում մենք ամեն օր համոզվում ենք»,– ավելացրել է նա՝ կողմ արտահայտվելով նաև, որ ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մշտադիտարկում անցկացնեն։
Հայտնի է նաև, որ կանցլերը հանդիպել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատվիրակության հետ: Հանդիպումը կայացել է Գերմանիայի դեսպանատանը և տևել է շուրջ մեկ ժամ:
Հետաքրքիր է, որ քրդամետ կուսակցության պատգամավորների և օրեր առաջ բանտից ազատված պատգամավոր Իդրիս Բալուքենի հետ հանդիպումն անձամբ ինքը Մերկելն էր պահանջել: Սակայն խոսակցությունը եղել է դռնփակ և առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ են քննարկել ընդդիմադիրները կանցլերի հետ:
Ինչևէ, Գերմանիայում տարբեր քաղաքական խմբակցություններ և փորձագետներ իրենց խորին բողոքն ու դժգոհությունն են արտահայտել Անգելա Մերկելի՝ Թուրքիա կատարած այցի կապակցությամբ:
Բանն այն է, որ Գերմանիայում շատերն այս այցն ընկալում են որպես Մերկելի կողմից Թուրքիայում կայանալիք հանրաքվեից առաջ քաղաքական իմիջի թափ հավաքող Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցուցաբերված աջակցություն: