2016 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ 5.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը, որը կազմում է մոտ 503 մլն դոլար: Այս մասին փետրվարի 5-ին Ծաղկաձորում հրավիրած ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, փոխանցում է panarmenian.net-ը՝ հղվելով panorama.am-ին:
Հաղորդագրության համաձայն, նախարարը նշել է, որ դրանից ՀՀ կառավարության պարտքը՝ ներքին և արտաքին, մոտ 5.4 մլրդ դոլար է, ինչը կազմում է ՀՆԱ-ի 54%-ը:
Անդրադառնալով 2017 թվականին, Վարդան Արամյանն ասել է, որ տարվա արդյունքներով, եթե կատարվի բյուջեն այնպես, ինչպես կանխատեսված է, տարին կամփոփվի մոտ 6 մլրդ 250 մլն դոլար պարտքի ցուցանիշով, ներառյալ՝ Կենտրոնական բանկի պարտքը, որը կկազմի մոտ 530 մլն դոլար:
Նշենք, որ ֆինանսների նախարար հավելել է, որ պարտքի առումով էական խնդիրներ չի տեսնում:
«Բոլոր հարաբերական ցուցանիշներով Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում, բացի այդ, առաջիկա տարիներին կանխատեսվող զարգացումներն այնպիսին են, որ մենք կարծում ենք՝ պարտքի ոլորտում էական խնդիրներ չենք ունենա», -նշել է նա: