Հայաստանը պատրաստվում է մինչև 2020 թվականը էներգասպառումը կրճատել 37.4%-ով: 2020 թվականին ակնկալվող թիրախային էներգախնայողությունը գնահատվում է գումարային 40 միլիարդ կՎտժ՝ 2010-2020 թվականների ժամանակահատվածում:
Այս մասին նշված է «2017-2018 թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլ» փաստաթղթում, որին գործադիրը հավանություն տվեց փետրվարի 2-ին:
Նշվում է, որ երկրում սպառվող բոլոր էներգառեսուրսների 2/3-ը ներկրվում է, որը ինքնին ազգային էներգետիկ անվտանգությամբ մտահոգվելու պատճառ է:
Զեկույցում նաև նշվում է, որվերջին տասնամյակում էլեկտրաէներգիայի գներն աճել են 83-198%-ով, իսկ բնական գազի գներն՝ 164-250%-ով: Էներգիայի գների այսպիսի աճը առաջացնում է մատչելիության և մրցունակության խնդիրներ:
ՀՆԱ-ի էներգատարության և մեկ շնչին ընկնող էներգիայի սպառման ցուցանիշներով Հայաստանը զիջում է տարածաշրջանի, ԵՄ անդամ և էներգետիկ համայնքի երկրներին:
ՀՀ կառավարությունը էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը դիտում է որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:
Բացի այդ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ծրագրի իրականացման նկատմամբ: