Փետրվարի 3-ին վերսկսվել են հանդիպումները «Երիտասարդության հարթակ» ծրագրի շրջանակներում: 2017թ. առաջին հանդիպմանը բանախոսի դերում հանդես է եկել «Голос Армении» թերթի խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը, ով մասնակիցներին ներկայացրել է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Խոջալուի, Բաքվի, Սումգաիթի դեպքերի մասին ադրբեջանական քարոզչությունն ու դրա դեմ ծավալվող պայքարը: Առավել մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Սովորական ցեղասպանություն» նախագծին: Նախագծի շրջանակներում մի քանի լեզուներով հրատարակվել են գրքեր, նկարահանվել են ֆիլմեր Սումգաիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի մասին: Նախագծին և նյութերին կարող եք ծանոթանալ այս հղումով`http://karabakhrecords.info/:
Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: