Դոնալդ Թրամփի նախագահության առաջին իսկ օրերը փոթորկի էին նման: Դեռ մեկ ամիսն էլ չի անցել, ինչ նա նախագահում է և արդեն հասցրել է մի շարք աղմկալից ու սկանդալային որոշումներ ընդունել:
Հատկապես ներգաղթի վերաբերյալ որոշումը, որով մահմեդական յոթ երկրներից՝ Սիրիայից, Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից և Եմենից ներգաղթը 90 օրով կասեցնելու, իսկ փախստականների մուտքը 120 օրով արգելափակելու հրաման եղավ, հսկայական բողոքի ալիք առաջացրեց թե՛ ԱՄՆ-ում, թե՛ դրանից դուրս:
Թրամփի խոսքով` իր որոշումները թելադրված են նախընտրական խոստումների իրականացման անհրաժեշտությամբ:
Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերն էլ իր հերթին ընդգծել է, որ նախագահը մտադիր չէ ետ կանգնել: «Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած սպասել, մինչ հարձակման կենթարկվենք, և ամեն ինչ կանենք այն կանխարգելելու համար: Թրամփը պատրաստվում է իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անել՝ կանխել ցանկացած վտանգ, որ սպառնում է այս երկրին», - հայտարարել է Սփայսերը:
Այս բոլոր փաստարկները, սակայն, առայժմ ոչ բոլորին են համոզում: Քննադատները մատնացույց են անում այն հանգամանքը, որ չնայած որոշումն ընդունվել է ընդդեմ ահաբեկիչների, իրականում այդ յոթ երկրների որևիցե քաղաքացի Միացյալ Նահանգներում ահաբեկչություն չի իրականացրել: Ընդ որում, այն երկրները, որտեղ ծնվել է հակաամերիկյան ահաբեկիչների մեծ մասը, չեն ներառվել այդ ցանկում: Այդ երկրների թվին են դասվում Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Կատարը, ԱՄԷ-ն: Պատճառն այն է, որ այս երկրների վարչակարգերը դաշնակցական հարաբերություններ ունեն ամերիկյան իշխանությունների հետ:
ԱՄՆ խոշոր քաղաքներում չեն դադարում բողոքի ցույցերը, դրանց են միացել նաև բազմազգ աշխատակիցներ ունեցող մի շարք մեծ ընկերություններ, այդ թվում՝ Google-ը:
Դեմոկրատներն, իրենց հերթին, նախաձեռնություններ են պատրաստում Կոնգրեսում՝ փորձելով օրենսդրական ճանապարհով տապալել Դոնալդ Թրամփի հրամանագրերը: «Դրանք հակասում են մեր արժեքներին», - հայտարարում էին դեմոկրատ օրենսդիրները երեկ Վաշինգտոնում՝ Վերաքննիչ դատարանի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ:
«Դա մեզ առավել խոցելի կդարձնի՝ զրկելով արտերկրում կռվող մեր զինվորներին դաշնակիցներից», - հայտարարում էր Սենատի փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը, - «Այն երկրով մեկ քաոս է առաջացրել ու ավելի ձեռնտու է նրանց, ովքեր մեզ վնաս են ցանկանում պատճառել»:
«Մենք կպայքարենք Դոնալդ Թրամփի դեմ դատարաններում, Կոնգրեսում, մենք միասնական կլինենք նրա դեմ, քանի դեռ Թրամփն ուզում է ինքն իրեն դասել Միացյալ Նահանգների օրենքից վեր, և սա է իրական հայրենասիրությունը», - հայտարարում էր Մասաչուսեթսից ընտրված սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
Սակայն, տարբերվում են ոչ միայն Դոնալդ Թրամփի որոշումները, այլեւ նրա գործելաոճն ամբողջությամբ, նշում է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը. «Կարծում եմ, մենք ականատեսը կլինենք անսովոր գործընթացների, թվիթերի և այլն: Հավանաբար, պետք է սովորենք դրան»:
Ուշագրավն այն է, որ ընդդիմախոսների շարքում են ոչ միայն դեմոկրատները, այլև տարբեր հանրապետականներ, ԱՄՆ պետքարտուղարության մի շարք աշխատակիցներ: Հաղորդվում է, որ դիվանագետները երեկ հայտարարություն են տարածել՝ զգուշացնելով, թե Դոնալդ Թրամփի վերջին հրամանագրերը կարող են հակաամերիկյան տրամադրություններ առաջ բերել աշխարհում՝ վատթարացնելով Վաշինգտոնի հարաբերությունները մի շարք երկրների հետ:
Ինչևէ, Թրամփի ստորագրած աղմկահարույց միգրացիոն հրամանագրին կողմ են արտահայտվել ԱՄՆ-ում հարցվածների 47%-ը, իսկ 49%-ը դեմ է եղել փաստաթղթին:
Public Policy Polling (PPP) ընկերության անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ ամերիկացիների 40%-ը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթաց սկսելուն:
Մինչդեռ սկանդալային հանրապետականի պաշտոնանկությանը դեմ է հանդես եկել հարցվածների 48%-ը, մնացած 12%-ը հրաժարվել է իր կարծիքը հայտնել:
Հայտնի է, որ սոցհարցումն անցկացվել է հունվարի 30-31-ը՝ 725 գրանցված ընտրողի շրջանում:
Նշենք, որ ԱՄՆ սահմանադրությունը տալիս է նախագահին պաշտոնանկ անելու իրավունք, որի համար անհրաժեշտ է Սենատի անդամների երկու երրորդի որոշումը: ԱՄՆ պատմության մեջ նման ճակատագրի է արժանացել միայն երկու նախագահ՝ Էնդրյու Ջեքսոնը (1868թ.) և Բիլ Քլինթոնը (1998-1999թ.):