Երեկ մեկնարկեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հանդիպումները Բրյուսելում, որոնց նպատակն է քննարկել Եվրոպական միություն-Ադրբեջան համագործակցության նոր համաձայնագիրը:
Այցի ընթացքում Ալիևը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, ով չար կատակ է արել նրա հասցեին:
«Շնորհակալություն, ձեզ լավ օր եմ մաղթում: Իսկ ես այժմ գնում եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման, այնպես որ, օրվա լավ մասն արդեն ավարտված է», - երեկ Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսի ավարտին լրագրողներին դիմելով ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Ադրբեջանցի պաշտոնյաները Reuters գործակալության հետ զրույցում չեն մեկնաբանել Յունկերի խոսքերը:
Միայն հայտնի է, որ Յունկերն ու Ալիևը քննարկել են էներգետիկայի և տնտեսության ոլորտում համագործակցությունը, և որ Եվրահանձնաժողովի նախագահը կարևորել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցը:
Իսկ Եվրոպական խորհրդարանի նորընտիր ղեկավար Անտոնիո Տայանիի հետ հանդիպումը, որքան էլ որ զավեշտալի է, հակառակ ծրագրված օրակարգին, տեղի չի ունեցել:
Ալիևն անակնկալ կերպով չեղյալ է հայտարարել հանդիպումը Տայանիի հետ, քանի որ ԵՄ օրենսդիր մարմնում հատուկ քննարկում էր անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսն այդ առնչությամբ հայտարարել է, որ իրականում Իլհամ Ալիևը «փախուստի է դիմել է Եվրախորհրդարանից»:
«Կարծես մարտ է ընթանում և դու պարզ գիտես, որ հարձակում է լինելու: Բանն այն է, որ Ալիևին եվրախորհրդարանում պետք է հանձնեին Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը: Նա էլ, տեսնելով, թե ինչ է սպասվում, երևի մտածեց, որ չի կարողանալու տիրապետել ինքն իրեն, այդ պատճառով էլ հետ կանգնեց հանդիպումից», - ասել է Լեյլա Յունուսը:
Հիշեցնենք, որ Ալիևի այցին ընդառաջ յոթանասունից ավել հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ նամակ են հղել ԵՄ առաջնորդներին՝ հորդորելով օգտագործել այս առիթն ու կոչ անել Ալիևին շոշափելի բարեփոխումներ անցկացնել ժողովրդարավորության ոլորտում:
Սակայն, մասնագետների կարծիքով, ԵՄ-ին իրականում այնքան էլ չեն հետաքրքրում ՀԿ-ների հորդորներն ու Ադրբեջանին ուղղված քննադատությունը, այլ ավելի շատ հուզում է տնտեսական շահույթը, որը կառույցը կարող է ստանալ Բաքվի հետ հարաբերություններից:
«Ադրբեջանի հետ հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը թուլացնելու ԵՄ պլաններում, և կողմերն ակնկալում են, որ մինչ 2019 թվականը Եվրամիությունն Ադրբեջանից մոտ 10 մլրդ խ/մ գազ կստանա», - մասնավորապես նշում են արևմտյան ԶԼՄ-ները:
Մինչդեռ ԵՄ պաշտոնյաներն, ըստ լրագրողների, Ադրբեջանի առաջնորդի դիմաց դռները բացելուց առաջ պետք է համոզվեն, որ հարաբերությունների խորացումը համապատասխանում է ժողովրդավարության իրենց սկզբունքներին, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը և այլն:
Իրավապաշտպաններն ու ՀԿ ներկայացուցիչները, մասնավորապես, պնդում են, որ տնտեսական հարաբերություններն ընդարձակելուց առաջ Բրյուսելը պետք է պաշտոնական Բաքվից պահանջի անմիջապես ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստներին, ինչպես նաև դադարեցնել լրագրողների հանդեպ հետապնդումները:
Այս նույն մտահոգությունների շուրջ զեկույցներով հանդես կգան նաև Եվրախորհրդարանի չորս պատգամավորներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ, ավստրիացի Ուլրիկե Լունաչեկն, ով բազմիցս քննադատել է Ալիևին՝ մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու, ընդդիմադիրներին ու լրագրողներին ազատազրկելու համար:
Իրականում Եվրոպայում Ադրբեջանում տիրող իրավիճակին շատ լավ ծանոթ են, սակայն միևնույն ժամանակ ձգտում են Ադրբեջանին չմեկուսացնել՝ թույլ չտալու համար ՌԴ հետ վերջինիս չափազանց սերտացում: