Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է Լապշինին արտահանձնելու վերաբերյալ որոշման օրինականությունը։ Փետրվարի 7-ին հայտնի բլոգերն արտահանձնվեց Ադրբեջանին: Այս որոշման իրավական կողմի մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանի հետ:
- Պարոն Ղազարյան, Լապշինի արտահանձնումն արդյո՞ք համապատասխանում է միջազգային իրավունքնի նորմերին:
- Ո՛չ, Լապշինի արտահանձնումը չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին: Այն չի կատարվել քրեական հետապնդման նպատակով: Նա քաղբանտարկյալ է, այսինքն՝ արտահանձնումն իրականում հետապնդում է քաղաքական նպատակներ: Այս առումով արտահանձնումն արդեն իսկ հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Ուշադրություն դարձրեք, որ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել, քանի որ Ինտերպոլը դա թույլ չէր տա:
Լապշինը հանցագործություն չի կատարել: Նրա արտահայտվելու ազատությունը մեկնաբանել որպես ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության վրա օրինական չէ: Նման անորոշ կերպով քրեական իրավունքը չի կարելի մեկնաբանել: Դա նշանակում է, որ պոտենցիալ յուրաքանչյուր ոք, ով քննադատի Ադրբեջանի իշխանություններին կամ մուտք գործի Ղարաբաղ համարվո՞ւմ է, որ կատարել է հանցագործություն: Դա զուրկ է օբյեկտիվ հիմքերից և տրամաբանությունից:
- Միջազգային իրավունքի տեսանկյունից ինչ-որ լծակներ կա՞ն գործի հետագա ընթացքի վրա ազդելու համար:
- Կարելի է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե: Այդ մարմիններ առաջին հերթին կարող են դիմել բլոգերի ընտանիքի անդամները: Սակայն սրանք իրավական գործընթացներ են, պետք է լինեն նաև քաղաքական գործընթացներ, քանի որ Լապշինը քաղբանտարկյալ է: Արտահանձնման նպատակն այն չէ, ինչ գրված է թղթի վրա:
- Արցախի հետ երբևէ առնչված կամ առնչվող մարդկանց նկատմամբ Ադրբեջանի քայլերն արդյո՞ք կարող ենք բնորոշել որպես հայատյացության դրսևորում:
- Դրանց հիմքում ընկած է ռասիզմը և հայատյացությունը: Լապշինը դառնալու է Ադրբեջանի գլխացավանքը: Ներքին լսարանի համար Լապշինի գործը դիվիդենտներ է բերում, բայց դրսում այն դառնալու է Ադրբեջանի վրա քաղաքական ճնշումները մեծացնելու ևս մեկ թեմա: