Օրերս Հայաստանի Խորհրդարանում քննարկվեց ԱՊՀ երկրների արժութային շուկային ինտեգրվելու համաձայնագիրը: Նշենք, որ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2012թ. Աշխաբադում, առայժմ միայն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղըրղզստանը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ԱՊՀ ինտեգրացված արժութային շուկան:
Նախ՝ հակիրճ այն մասին, թե ինչ ասել է ինտեգրացված արժութային շուկա: Այն իրենից ներկայացնում է ազգային արժույթների կարգավորված շուկաների միասնություն, որը շուկայի անդամ երկրների առևտրային գործակալներին հնարավորություն է տալիս մյուս կողմի հետ իրականացել ուղղակի, չմիջնորդավորված արժութային ցանկացած գործարք: Այլ կերպ ասած, երկու արժույթների ուղղակի փոխգործակցություն՝ առանց որևէ երրորդ արժույթի փոխարկելու անհրաժեշտության: Որպես երրորդ արժույթ, հանդես են գալիս համաշխարհային փոխարկելիության բարձր մակարդակ ունեցող արժույթները, այսինքն՝ դոլարն ու եվրոն:
ԱՊՀ ինտեգրացված արժութային շուկայի մասին համաձայնագիրը ենթադրում է անդամ երկրների կողմից արժութային փոխանակային գործարքների անխոչընդոտ իրականացում: Ընդ որում, խոսքը վերաբերում է և՛ առևտրային, և՛ տնտեսական այլ գործընթացներին:
Եթե փորձենք առավել առարկայական պատկերացնել, կստացվի, որ համաձայնագրի կողմերը միմյանց հետ կարող են ազգային արժույթներով առևտուր իրականացնել: Առևտրի պարագայում, սա մի կողմից արագացնում է վճարահաշվարկային գործընթացները, քանի որ առևտրային գործարքի համար դոլար կամ եվրո գնելու համար ծախսվող ժամանակն է դուրս գալիս, մյուս կողմից երկու կողմերի համար նվազում է արժութային փոխանակումներից առաջացող կորուստների ռիսկը:
Համաձայնագիրը վավերացրած կողմերի համար այն հանդիսանում է նաև տնտեսական ինտեգրացիայի խորացմանը նպաստող գործիք: Ֆինանսական տեսանկյունից համաձայնագրի վավերացումը կնպաստի ազգային արժույթների կայունությանը, համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների ազգային արժույթների փոխարկելիության մակարդակի բարձրացմանն, ինչպես նաև դոլարի ու եվրոյի ազդեցության նվազեցմանը համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների տնտեսությունների նկատմամբ:
Հայաստանը, փաստորեն, ԵԱՏՄ անդամ միակ երկիրն էր, որ դեռ չէր վավերացրել ինտեգրացված արժույթների շուկայի համաձայնագիրը: Հասկանալի է, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար, որոնցից յուրաքաչնյուրի արտաքին առևտրաշրջանառության մեծ մասը ԵԱՏՄ գործընկեր որևէ երկրի հետ է իրականացվում, սա կբերի ինտեգրման որակական նոր հարթությանն անցման: Չի բացառվում նաև, որ Հայաստանի կողմից համաձայնագրի հնարավոր վավերացումից հետո, միասնական վճարահաշվարկային համակարգի ստեղծման ու լիարժեք գործարկման արդյունքում ակտուալ լինի ԵԱՏՄ միասնական արժույթի անցման հարցը: