Մամեդյարովի հայտարությունն այն մասին, որ Բաքուն պատրաստ է մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, նորություն չէ: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ բանակցություններն ինքնանպատակ չեն կարող լինել, հանդիպումը՝ ևս: «Հանդիպել ինչի՞ համար… Եթե դա ուղղակի հանդիպում է նշան դնելու համար, հետևաբար նման հանդիպումների կարիք չկա», - նշեց փորձագետն ՝ ավելացնելով, որ ադրբեջանական կողմն, ըստ էության, ցույց չի տալիս որևէ կամք, որպեսզի հանդիպման ժամանակ որոշակի առաջընթաց արձանագրվի:
«Եթե ցանկանում ենք, որ որևէ հանդիպում արդյունավետ լինի, առաջին հերթին պետք է կատարել նախկին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ո՛չ Վիեննայի, ո՛չ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել: Իսկ քանի դեռ դրանք կյանքի չեն կոչվել, նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու իմաստ ևս չկա»,-հավելեց փորձագետը: