Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ 2017 թվականին մի շարք միջոցառումներ կանցկացնի՝ նվիրված հայերեն Աստվածաշնչի առաջին հրատարակության 350-ամյակին: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը NEWS.am-ին հայտնել է, որ 2016-ի վերջին Մատենադարանը շահել է այդ ծրագիրը:
Նրա խոսքով՝ հայերենով Աստվածաշնչի հրատարակումը խոշոր իրադարձություն է ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի համար: Տոնակատարման ծրագիրը երեք բաղկացուցիչ ունի՝, հնատիպ գրքերի ցուցադրություն, 350-ամյակին նվիրված «պատկերագիրք-ուսումնասիրության» տպագրություն և գիտաժողով:
Հիմնական միջոցառումները կսկսվեն հունիսին և կտևեն մինչև տարեվերջ:
Հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը 1666-1668 թվականներին Ամստերդամում հրատարակել է Ոսկան Երևանցին: Սա հայերենով տպագրված հնագույն գրքերի լավագույն օրինակներից մեկն է և աշխարհում հրատարակված Աստվածաշնչի առավել արժեքավոր վաղ հրատարակություններից մեկը: