ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Սիրիա: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, օգնության մատակարարումն իրականացվել է ռուսական կողմի հետ համագործակցության միջոցով: Ռուսաստանի տրամադրած բեռնատար օդանավի միջոցով Հայաստանից 18 տոննա պարենային մթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ Երևանից ուղարկվել են Սիրիայի Լաթաքիա քաղաքի Հմեյմիմ օդանավակայան, իսկ այնտեղից առաջին խմբաքանակն արդեն հասել է Լաթաքիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այն հավասարապես բաժանվելու է Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի, ինչպես նաև Հալեպի առավել կարիքավոր ընտանիքներին: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները:
2016 թվականի աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Հայաստանից 40 տոննա ծավալով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը երկու ինքնաթիռով մատակարարվեց Սիրիա: Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ ևս օգնությունը մատակարարվելու է բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: «Օգնությունը բաժանվելու է ազգային և կորնական պատկանելիությունից անկախ», - հայտարարել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը: Ակնկալվում է, որ Հայաստանից Սիրիային մարդասիրական օգնության մատակարարումը շարունակական կլինի:
Սիրիային օգնության ձեռք մեկնելու հայ ժողովրդի ցանկությունն ավելի քան բնական է, քանի որ դրա հիմքում ընկած է երախտագիտության խորը զգացումը Սիրիայի եղբայրական ժողովրդի հանդեպ:
«Մենք շատ լավ ենք հիշում, որ մեկ դար առաջ հայ ժողովրդին բաժին հասած ամենածանր արհավիրքի օրերին Սիրիայի ժողովուրդը բացեց իր դռները և հյուրընկալեց հայերին Սիրիայում», - իր խոսքում նշել է ՀՀ պաշտպանության նախարարը: «Հայկական կողմը շատ լավ է հիշում 90-ական թվականների սկիզբը, երբ Սիրիան աջակցեց Հայաստանին դիզելային վառելիքով և հացահատիկով: Մենք դա շատ լավ ենք հիշում և այսօր փորձում ենք փոխհատուցել մեր սիրիացի բարեկամներին», - ընդգծել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը: