Եթե զբաղվում ես մարդու իրավունքների պաշտպանությամբ, ապա քո մուտքն Ադրբեջան արգելված է: Բրիտանացի հայտնի իրավաբանի մուտքի արգելքն Ադրբեջան նախանշեց, որ շուտով այս երկրի քաղաքականության մեջ նոր միտումների ենք ականատես լինելու:
Պարզվում է, որ Ադրբեջանի իշխանությունների համար անցանկալի անձինք են ոչ միայն նրանք, ովքեր այցելել են Արցախ, այլ նաև նրանք, ովքեր «համարձակվել են» քննադատել մարդու իրավունքների, ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Բրիտանացի իրավաբան Ռեմեզաիտեն, ում օրերս Բաքվի օդանավակայանից հետ ուղարկեցին Լոնդոն, այդ մարդկանցից մեկն է: Նա ունի հրապարակումներ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ, որպես փաստաբան բազմիցս պաշտպանել է Եվրադատարան դիմած Ադրբեջանի քաղաքացիներին: Ավելին, Ռեմեզաիտեն Ադրբեջանում ՄԻԵԴ որոշումների կատարման մշտադիտարկումն է իրականացնում:
Այն, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնումները բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում, որևէ մեկի համար նորություն չէ, այդ թվում՝ միջազգային հանրության: Գաղտնիք չէ նաև, որ տարբեր ոլորտների, հատկապես քաղհասարակության կազմակերպությունների վրա պետական վերահսկողությունը մեծացնելու համար Ադրբեջանի իշխանությունները դիմում են տարաբնույթ միջոցների: Նման օրինակ է Ադրբեջանում ՀԿ-ների, դրամաշնորհների ստացման մասին օրենքներում մի շարք փոփոխություններ մտցնելը, ըստ որոնց` Ադրբեջանում որևէ ՀԿ-ի դրամաշնորհ տալու համար արտասահմանյան դոնորը պետք է կառավարության հետ կնքի համաձայնագիր, ինչպես նաև բացի իր ներկայացուցչությունն Ադրբեջանում:
Նորություն չէ նաև այն, որ միջազգային հանրությունն այս սահմանափակումների և իրավունքների ոտնահարումների վերաբերյալ պարբերաբար հանդես է եկել քննադատական հայտարարություններով, որոնք, սակայն, երբեք չեն վերածվել գործողությունների՝ զսպելու կամ կանխարգելելու Ադրբեջանի իշխանությունների քայլերը:
Գուցե հենց այս անպատժելիության զգացումն է, որ Ադրբեջանի իշխանություններին «ոգեշնչում է» չսահմանափակվել հնչող քննադատություններին կոշտ արձագանք տալով, այլ դիմել հստակ գործողությունների: Այս տրամաբանությամբ շուտով Ադրբեջանը կունենա երկրորդ «սև ցուցակը»: Սա, բնականաբար, պետք է լուրջ մտահոգության առիթ հանդիսանա ողջ միջազգային հանրության, այս պարագայում Եվրոպայի համար, քանզի իր քաղաքացուն թույլ չեն տալիս այցելել մի երկիր, որի վերաբերյալ նա հանդես է եկել քննադատությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան ազատ խոսքի իրավունքի ոտնահարում, բայց արդեն նաև միջազգային մակարդակով: