Այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի: Այս մասին նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
«Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ` 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը»,- ասել է նա:
Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով: Կազմավորվել են թվով 280 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներ, որից 1-ը`Երևան քաղաքում՝ քվեարկության օրը ՀՀ-ում գտնվող ԼՂՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքն ապահովելու նպատակով, 1-ը` քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորվածների համար:
Արցախի հանրապետության պատմության ընթացքում կազմակերպվել է համապետական նշանակության 2 հանրաքվե, Հանրապետության Նախագահի` 5 և Խորհրդարանական 6 ընտրություններ, տեղական հանրաքվեներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
«Արցախի Հանրապետությունում հանրաքվեներն ու ընտրությունները, որպես կանոն, միշտ էլ աչքի են ընկնում քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ»,- նշել է Արզումանյանը: